image

Թուրքիան փորձում է փոխել Կիպրոսի խնդրի լուծման տրամաբանությունը

Թուրքիան փորձում է փոխել Կիպրոսի խնդրի լուծման տրամաբանությունը

2021թ.  Թուրքիան դիվանագիտական գրոհ է սկսել Կիպրոսի խնդրի լուծման տրամաբանությունը և սկզբունքները փոխելու համար։ 1974թ․ թուրքական ներխուժմամբ 2 հատվածի բաժանված կղզու վերամիավորման համար «համադաշնային պետություն» բանաձևից հրաժարվելով՝ Թուրքիան առաջ է մղում «2 համայնք, 2 պետություն» լուծման տարբերակը։

Այս «գրոհի» վերջին արարը տեղի ունեցավ հուլիսի 20-ին, երբ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել էր Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն՝ մասնակցելու թուրքական ԶՈՒ-երի՝ 1974թ․-ին Կիպրոս ներխուժման 47-րդ տարվան նվիրված տոնակատարություններին:

Դիրքորոշման փոփոխման մասին հայտարարություն անելու համար Էրդողանի ընտրած օրը հասկանալի է՝ հաշվի առնելով Թուրքիայի յուրահատուկ վերաբերմունքը սիմվոլիզմի նկատմամբ: Սակայն, բնականաբար, նկատի են առնվել տեղական նշանակության հարցերը, աշխարհաքաղաքական իրադրությունը և Թուրքիայի շահերը կենսական նշանակության հարցերում:

Նախ 2020թ. աշնանը Կիպրոսի թուրքական հատվածում անցկացված նախագահական ընտրություններում պարտվել էին համադաշնության կողմնակիցները՝ իշխանությունը զիջելով Էրդողանի հովանավորյալ և «2 պետություն» բանաձևի պաշտպան ներկայիս նախագահ Էրսին Թաթարին:

Աշխարհաքաղաքական առումով բարենպաստ պայմաններ են ստեղծվել Արևմուտքից որոշ զիջումներ կորզելու համար՝ պայմանավորված Աֆղանստանում  ՆԱՏՕ-ի և մասնավորապես ԱՄՆ-ի համար կարևոր այն դերակատարմամբ, որը Թուրքիան պատրաստակամ է ստանձնել: Թուրքիան այդ տարածաշրջանում սեփական դերի բարձրացման համատեքստում կրկին դիմում է իր համար կարևոր հարցերում հնարավորինը ստանալու քաղաքականությանը. վեր են հանվում այլ տարածաշրջաններում և/կամ այլ ոլորտներին առնչվող խնդիրները, որոնք  հետագա «առևտրի» առարկա դարձնելով, Թուրքիան մանևրելու լայն դաշտ է ստեղծում և  հնարավորություն ստանում առաջ տանել առավել կարևորություն ունեցող հարցերը և զիջել երկրորդականներում:

Ոչ պակաս կարևոր է արցախյան ճակատում հարաբերական հանդարտությունը՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումներով, ինչը Թուրքիային հնարավորություն է տալիս ակտիվանալ այլ ճակատներում: 

Երկարատև հաշվարկների առումով Թուրքիան Կիպրոսի թուրքերի անկախության հարցը դիտարկում է որպես Արևելյան Միջերկրականի թնջուկի լուծմանը կապակցված, դրան նպաստող հանգամանք:  Վերջին տարիներին Թուրքիան սադրիչ և լարվածություն հրահրող գործողություններով փորձում է թույլ չտալ, որ Միջերակականի ավազանի երկրների՝ մասնավորապես Հունաստան-Իսրայել-Եգիպտոս համագործակցության արդյունքում Թուրքիան հայտնվի էներգետիկ գործարքների լուսանցքում, ինչպես նաև թույլ չտալ, որ Միջերկրականի կոմունիակցիոն ուղիները դուրս մնան իր վերահսկողությունից: Դրա համար վերջին տարիներին Թուրքիան գազի որոնման նպատակով հորատման աշխատանքներ էր կատարում  Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված բարձրագույն տնտեսական գոտում՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ կղզու նկատմամբ հույներին հավասար իրավունքներ ունի նաև կղզու թուրքական հատվածը, որից էլ ստացել են հորատումներ անելու լիազորություն: Թուրքիան, 2020թ վերջից հանդիպելով այս հարցում ԵՄ աստիճանաբար կոշտացող դիրքորոշմանը, զիջեց՝ առժամանակ հրաժարվելով այդ գործելակերպից, սակայն այս հարցի լուծման մյուս տարբերակը դիտարկելով Կիպրոսի խնդրի լուծման համատեքստում:

Վերոնշյալ հանգամանքների համադրման արդյունքում հուլիսի 20-ին Էրդողանը «աշխարհին խաղաղության կոչ» որակված ելույթում վերջնական ամրագրեց Կիպրոսի խնդրի հարցում թուրքական կողմի «2 պետություն» դիրքորոշումը, ի հակադրություն կղզու վերամիավորմանը համադաշնության ստեղծմամբ: Իսկ այդ դիրքորոշումը վերհաստատելու համար հիմքեր էին ստեղծվել ս/թ ապրիլին, երբ Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված նախաբանակցային շփումների ընթացքում Կիպրոսի թուրքական հատվածի ներկայացուցիչ Էրսին Թաթարը ներկայացրել էր «2 պետություն» բանաձևով լուծման տարբերակը: 

Էրդողանը հուլիսի 20-ի ելույթի ընթացքում բացի այս դիրքորոշումը որպես այլընտրանք չունեցող լուծում ներկայացնելուց, արել է ևս մեկ հայտարարություն, որը ոչ պակաս ռեզոնանս է առաջացրել միջազգային հանրության շրջանում, որքան բանակցային գործընթացի տրամաբանություն փոխող լուծման թուրքական տարբերակը: Թուրքիան աջակցելու է իբրև թե Կիպրոսի թուրքերի որոշումը՝ մասնակի բացել Վարոշա քաղաքը, որի վերաբերայալ ՄԱԿ ԱԽ մի շարք որոշումներ են ընդունվել և որի կարգավիճակի հարցը բանակցային գործընթացի առարկա է: 1974թ.-ից ի վեր լքյալ նախկին զբոսաշրջային կենտրոնը մասնակի բացելու որոշմամբ թուրքական կողմը խախտում է ՄԱԿ ԱԽ-ի որոշումները, ինչպես նաև փոխում բանակցությունների տարբեր շրջափուլերում քաղաքի կարգավիճակի մասին պայմանավորվածությունները, որոնց համաձայն, քաղաքը կամ ՄԱԿ-ի, կամ հունական կողմի վերահսկողությանը պետք է անցներ:

Փաստացի թուրքական կողմը տասնամյակներ շարունակ կղզու վերամիավորման տրամաբանությամբ ընթացող բանակցությունների սկզբունքը փոխելուն միտված հայտարարությանը զուգահեռ սեփական օրակարգը պարտադրելու համար գործուն քայլեր է կատարում, որն արտահայտվում է Վարոշայի մասնակի վերաբացման որոշմամբ:

Այս ուղղությամբ Թուրքիայի քայլերին մյուս շահագրգիռ կողմերը և միջազգային հանրությունը կարող են հակադրել միայն միանշանակ և միասնական դիրքորոշում:  Այս անգամ այդ դիրքորոշումը ի ցույց դրվեց՝ Էրդողանի հայտարարությունները սադրանք որակվեցին, կոչ արվեց լարվածությունը խորացնող քայլերից զերծ մնալ: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի հետևողական և նպատակաուղղված քաղաքականությունը՝ թե՛ հունական կողմը, թե՛ շահագրգիռ կողմերը պետք է պատրաստ լինեն դիմագրավելու մի շարք ռիսկերի՝ մասնավորապես թույլ չտալ, որ թուրքական կողմը մանր քայլերով առաջխաղացում գրանցի՝ հանրության ադապտացնելով թե՛ Վարոշայի՝ թուրքական վերահսկողության տակ բացմանը, թե՛ Կիպրոսի խնդրի թուրքական սցենարով լուծմանն այլընտրանք չլինելու մտքին։

 

Անահիտ Վեզիրյան 

 

 

 

Անահիտ Վեզիրյան

Անահիտ Վեզիրյան

Անահիտ Վեզիրյան, թուրքագետ է։Ավարտել է Երևանի...