image
Հրատապ լուրեր:

Թուրքիան եւ «Սևրի սինդրոմը»

Թուրքիան եւ «Սևրի սինդրոմը»

2020թ օգոստոսի 10-ին լրացավ Սևրի պայմանագրի 100-ամյակը։ Չնայած մեկդարյա անցյալին, այս փաստաթուղթը «հետապնդում» է հայերին և թուրքերին։ Հայաստանի համար պատմական հայրենիքի վրա հայերի իրավունքները միջազգայնորեն ընդունող և հաստատող այս պայմանագիրը, չիրականացված բաղձալի երազանք է։ Թուրքիայի համար Օսմանյան կայսրությունից մնացած ծանր պատմական հիշողություն, որը ժամանակի ընթացքում վերածվել է մղձավանջի։

Սևրի մասին ակնարկներից և հիշատակումերից Թուրքիայի քաղաքական-հասարակական վերնախավն ակնհայտ նյարդային ջղաձգումների մեջ է հայտնվում։ Դրա ականատեսը եղանք վերջերս։ Հայաստանում Սևրի պայմանագրի կնքման 100-ամյակին նվիրված գիտաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ էր հղել [1], որում պայմանագիրն անվանել էր պատմական փաստ, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը արաբական կաքերից մեկին հարցազրույց էր տվել, որն ամբողջությամբ նվիրված էր Սևրին [2

Թուրքիային այս անդրադարձը հունից հանել էր, ինչը երևում է այդ երկրի արտաքին գերատեսչության նյարդային շեշտադրումներով հայտարարությունից։ Դրանում երևում է Հայաստանի նկատմամբ անթաքույց արհամարհական վերաբերմունք այնպիսի ձևակրեպումնրում, ինչպես օրինակ «որոշները պատմությունից դասի փոխարեն թշնամանք են քաղում», «Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի»։       

«Թուրք ժողովուրդը պատռել և պատմության աղբամանը է նետել Սևրը», «թուրք ազգը ծանր հարված է հասցրել իմպերիալիզիմին»  արտահայտություներներն ընդգրկող Թուրքիայի արտգործնախարարության այս հայտարարությունը Թուրքիայում վերջին հարյուրամյակում այս թեմայի շուրջ ձևավորված դիսկուրսի սեղմագիրը կարելի է համարել։



 

Թուրքիայի հանրապետության հիմնադրման պատմության առանցքում «Աթաթուրքի գլխավորած ազգային-ազատագրական պայքարն է Թուրքիան մասնատել փորձող իմպերիալիստների դեմ, որոնց ստիպեցին ստորագրել Լոզանի պայմանագիրը՝ այդ կերպ չեզոքացնելով Սևրի պայմանագիրը»։  Սևրի ստվերը թուրքական հանրությանը ուղեկցում  է ցայսօր։ «Սևրյան սինդրոմը»՝ վախը, որ իմպերիալիստական ուժերը, այլ կերպ ասած Արևմուտքը դեռ գաղտնի ցանկություն, ծրագրեր ունի Թուրքիան մասնատելու, ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում՝ հաճախ դավադրական տեսությունների հետ միահյուսված։

Այս վախերը գուցե նաև ոչ միտումնավոր շահագործվում են քաղաքական՝ մասնավորապես ազգայնական, իսլամամետ ուժերի կողմից հիմնականում երկու ուղղությամբ։ Մի դեպքում այն քաղաքական մրցակիցներին քննադատելու գործիք է օգտագործվում։ Ինչպես օրինակ 2008-ին [3], 2015-ին [4] Թուրքիայի՝ այն ժամանակ դեռ ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսկացության» նախագահ Դևլեթ Բահչելին մեղադրում էր Թուրքիայի ներկայիս նախագահ, այն ժամանակ դեռ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա կուսակցությանը քրդերի հետ համագործակցելու և նրանց հետ նույն «Սևրի գաղափարը» կիսելու մեջ։

Մյուս դեպքում հակաարևմտյան տրամադրություններ ձևավորելու, ուղղորդելու համար է շահագործվում հարցը։ Իսլամամետ «Բարօրություն» կուսակցության հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը խիստ դեմ էր Թուրքիայի ԵՄ անդամակցության քաղաքականությանը՝ նշելով, որ «քրիստոնեական ակումբի» իրական նպատակը Սևրը վերակենդանացնել և Մեծ Հայաստան ստեղծելն է [5

Երկու դեպքում էլ քրդական հարցը ու հայկական՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման գործոնը քարոզվում և ընկալվում է որպես Արևմուտքի համար Թուրքիան մասնատելու գործիքներ։

Վերջին շրջանում Սևրին հաճախ է անդրադառնում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջին նման հայտարարությունը Էրդողանն արել է ընդամենը 3 օր առաջ՝ Միջերկրականի արևելքում էներգետիկ պաշարների որոնման նպատակով Թուրքիայի հակաօրինական քայլերի դեմ Արևմուտքի արձագանքին ի պատասխան։

«Ինչպես մեկ դար առաջ մենք որպես ազգ պատռեցինք և դեն նետեցինք Սևրը, այնպես էլ հիմա Արևելյան Միջերկրականում մեր երկրին պարտադրվող Սևրի առաջ գլուխ չենք խոնարհի»,- նշել է Էրդողանը [6

Սա ուղերձ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարաններին։ Արտաքին աշխարհին, որ ինչպես Սևրը կարողացան «առոչինչ դարձնել» իրենց վճռականության շնորհիվ, այդ նույն վճռականությամբ շարունակելու են պայքարել։ Թուրքական հանրությանը, որ Թուրքիան «նոր ազգային-ազատագրական պայքար ունի» կրկին Արևմուտքի դեմ, որը ցանկանում է խլել, մասնատել Թուրքիայի «կապույտ հայրենիքը»։ Սա ներքին լսարանի պարագայում վերջին մի քանի տարիներին Էրդողանի պոպուլիստական հռետորաբանության շարունակությունն է, որը կառուցված է արտաքին և ներքին թշնամիներից բխող վտանգների դեմ մղվող պայքարի վրա։ Այս քարոզչությունը հատկապես ակտիվ  էր վերջին 2՝ 2018թ․ և 2019թ․ընտրությունների քարոզչական շրջանում։

Մյուս կողմից այս հայտարարությամբ կրկին աչքի է ընկնում Էրդողանի՝ Աթաթուրքի հետ համեմատվելու մոլուցքը․ ինչպես Աթաթուրքն է հասել Լոզանի պայմանագրի կնքումով Սևրի չեզոքացմանը, այնպես էլ հիմա իր գլխավորությամբ կպայքարեն ջրային սահմաններում Թուրքիայի իրավունքների համար՝ թույլ չտալով մի նոր Սևր պարտադրել։

Սևրի պայմանագրի հարցը սահմանի թե՛ այս, թե՛ այն կողմում շարունակում է մնալ քննարկման առարկա, ընդ որում իրարից անկախ։ Իսկ վերևում բերված օրինակները ընդամենը մի քանիսն են թուրքական քաղաքական խոսույթում «սևրյան սինդրոմի» դրսևորումների։ Դրանցում արտացոլված է թուրքական հանրության շրջանում ձևավորված վախերի ազդեցությունը, բայց միևնույն ժամանակ տեսանելի է քաղաքական նպատակներով թեմայի շահարկումը, որն արվում է ինչպես հակառակորդներին սևացնելու, այնպես էլ սեփական կշիռը բարձրացնելու նպատակով։ Քաղաքական ուժերի՝ թեմայի շահարկումը հենց այն խողովակն է, որ այդ վախերը փոխանցում են հաջորդ սերունդներին։

 

Անահիտ Վեզիրյան

Անահիտ Վեզիրյան

Անահիտ Վեզիրյան

Անահիտ Վեզիրյան, թուրքագետ է։Ավարտել է Երևանի...