Մարտինի հայ կաթոլիկների երբեմնի առաջնորդ, նշանավոր հայ հոգեւորական Իգնատիոս Մալոյանը սուրբ է հռչակվել ըստ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ մարտի 28-ին վավերացրած փաստաթղթի, տեղեկանում ենք Վատիկանից։
2001 թվականին Վատիկանը հայ հոգեւորականին դասել էր երանելիների շարքը, իսկ վերջին այս փաստաթղթով նա դառնում է կաթոլիկ եկեղեցու սրբերից մեկը։
(Սրբադասված հայ հոգեւորականի կենսագրությունը՝ Հայ Կաթողիկե առաջնորդարանի կայքից)
Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869թ. Մարտին քաղաքում, սովորել է Զմմառի Տիրամոր դպրեվանքում և ամբողջ կյանքում հավատարիմ մնացել Զմմառի Պատրիարքությանը:
Հայր Մալոյանը, չնայած առողջական լուրջ խնդիրներին, մի քանի վիրահատություններին, մեծ նվիրումով ծառայել է Եգիպտոսում, ապա՝ Պոլսում և 1911թ. ուղարկվել իր հարազատ Մարտին՝ մի քաղաք և մի թեմ, որտեղ աշխատելը չափազանց բարդ էր.ծանր սոցիալական և տնտեսական պայմաններ, հուսահատություն, վատ աշխատող քահանաներ:
Նույն թվականի հոկտեմբերին օծվել է եպիսկոպոս ու նշանակվել Մարտինի եպիսկոպոս: 1912թ. Զմմառի վանքի ոսկեմատյանում Մալոյանը գրել է հետևյալը.«Հոգևոր Տիրոջից հրագանգ եմ ստացել Մարտին գնալու, այնտեղ մեղքերս քավելու և ատելությունից վառվող սրտերում սեր սփռելու»: Մալոյանն իր անձնվեր ու ծանր ծառայությամբ կարողացավ իր եպիսկոպոսության 4 տարիների ընթացքում սեր սփռել Քրիստոսի և Եկեղեցու հանդեպ:
1915թ. գարնանը, երբ լուրեր ստացավ Պոլսում և այլուր հայերի նկատմամբ սկսված հալածանքների մասին, ի զարմանս իրեն, հանկարծ երիտթուրքական կառավարությունն իրեն պարգևատրեց հատուկ շքանշանով՝ իբրև թե ի գնահատումն իր հավատարմության, հասկացավ, որ իր հոտի գլխին մութ ամպեր են կուտակվում, որ մոտենում է իրենց Գողգոթայի ժամը: Այդ ժամը հասավ 1915թ. հունիսին: Ապրիլ, մայիս ամիսներին զենք, զինամթերք պահելու մեղադրանքով կառավարական ուժերը՝ ոստիկանապետ Մամտուհ Բեյի գլխավորությամբ սկսեցին հետախուզել հայկական եկեղեցիները, բնակիչների տները, առաջնորդարանը, սկսեցին լտկիաբար հարցաքննել հոգևորականներին և եպիսկոպոսին: Այս ամենին հաջորդեց Մալոյանի և թեմի մոտ մեկ տասնյակ քահանաների ձերբակալությունը՝ հունիսի 3-5-ին, նսեմացուցիչ հարցաքննությունն ու դաժան տառապանքը բանտում:
Մանրամասնությունները պատմում են նոյն Յասենթ Սիմոնը և սիրիացի քահանա Իսհակ Արմալեն: Ըստ այդ պատմությունների, Մամտուհը կեղծ մի փաստաթուղթ էր պատրաստել իբր Սարգիս անունով մի մարտինցու վկայության մասին առ այն, թե Մալոյանը զենք է պահում, որով պետք է քրիստոնյաներն ապստամբեին թուրքական կառավարության դեմ: Սարգսին ոստիկանները ստիպել են ստորագրել այդ կեղծ փաստաթղթի տակ, նա հրաժարվել է և մահապատժի ենթարկվել: Մալոյանը պետական դավաճանության մասին մեղադրանքին պատասխանել է՝ ցույց տալով իր պետական շքանշաններն ու կայսերական հատուկ ֆերմանը, որոնք ապացուցում էին իր հավատարմությունը թուրքական պետությանը և գնահատված լինելը: Բանտում նրա հարցաքննությունը ցույց է տալիս, որ թուրք ոստիկանապետը պատրաստ էր ցանկացած կեղծիքի դիմել՝ հայ հոգևորականների ու համայնականներին մահվան դատապարտելու համար: Ի վերջո, ոստիկանապետին այլ բան չի մնացել, քան սարսափելի կտտանքների ենթարկել առանց այդ էլ թույլ առողջությամբ, բայց շատ տոկուն կամքով եպիսկոպոսին: Կապել են ոտքերը և փայտերով հարվածել ոտնատակերին. սա անասելի ցավոտ կտտանքի մի ձև է, որից հետո հնարավոր չէ քայլել: Հետո սկսել են ոտքերի եղունգները քաշել: Մալոյանը, զգալով իր մոտալուտ վախճանը, քահանաներից մեկին խնդրել է իր մեղքերին արձակում տալ: Այդ կտտանքները եպիսկոպոսն իր քահանաների հետ ստիպված եղավ տանել մինչև հունիսի 10-ի գիշերը, գրում է Սիմոնը: Իսկ մինչ այդ Սրբազանին այցելության է եկել մայրը: Այդ տեսարանը պատկերացնելիս հնարավոր չէ մտովի չհիշել Աստվածամորն ու Հիսուսին: Մալոյանը, թաքցնելով հաշմված ոտքերը, մխիթարում է մորը և խնդրում լայն կոշիկներ բերել, որպեսզի կարողանա քայլել.գիտեր, որ գնալու էին դեպի Տիգրականակերտ:
1915թ. Հունիսի 10-ի այգաբացին այսպես կոչված «Մալոյանի քարավանը»՝ 417 հոգի, որոնց մեծ մասը հայ կաթողիկեներ էին, Մալոյան եպիսկոպոսը, 6 հայ քահանա և 3 ասորի ու լատին հոգևորականներ, մնացածը ասորի ու քաղդեացի կաթողիկեներ և բողոքականներ, ճամփա ընկավ դեպի անապատներ: Հոգևորականների ձեռքերին երկաթե շղթաներ էին, որոնք ստիպված էին քաշ տալ տասնյակ կիլոմետրեր: Ճանապարհին քարավանը նոսրանում էր. խումբ-խումբ տանում էին այլ վայրեր ու սպանում:
Հասնելով քրդական Շեյխան գյուղի մոտ, Մամտուհը հանդիսավոր դաժանությամբ կարդում է քարավանի դատավճիռը: Թուրքական կառավարությունը, որն օրեր առաջ ցինիկաբար երաշխավորում էր տեղահանվողների անվտանգությունը, այսօր իր իսկական դեմքն է ցույց տալիս. «Դուք դավաճանել եք Օսմանյան հայրենիքին, դուք բոլորդ դատապարտվում եք մահվան: Բայց եթե ձեզնից մեկը մահմեդականություն ընդունի, պատիվներով ձեր քաղաքը կվերադարձնենք: Եթե ոչ, ուրեմն, մեռնելուց առաջ մեկ ժամ ունեք: Պատրաստվեցե՛ք». հայտարարում է Մամտուհը, որին հետևում է հոգնաբեկ, արնաշաղախ, շղթայակապ Մալոյան սրբազանի պատասխանը.«Մեր կյանքը կառավարության ձեռքում է: Բայց եթե մեռնենք, Հիսուս Քրիստոսի համար պիտի մեռնենք»: «Հիսուս Քրիստոսի համա՛ր». միաբերան ու կորով առած բացականչում է ամբողջ քարավանը՝ մահապարտների քարավանը: Դարձյալ խմբերով տանում են և սպանում ինչով պատահի, որպեսզի փամփուշտ խնայեն: Իսկ Մալոյանին հնարավորություն են ընձեռում պատրաստելու մահապարտներին: Քահանաների հետ միասին բոլորի մեղքերին արձակում է տալիս, ապա Հիսուսի վերջին ընթրիքի նման, հաց վերցնում, սրբագործում ու Ս. Հաղորդություն տալիս իր զավակներին: Դա նաև ի՛ր վերջին Հաղորդությունն էր երկրիս երեսին: Բայց Մալոյանին, ըստ Յասենթ Սիմոնի վկայության, վիճակված էր առանձին նահատակվել: Բոլորին խումբ-խումբ տանում են և սպանդի են ենթարկում մինչև վերջին մարդը, բացի Մալոյանից: Երբ իմանում է, որ բոլորը սպանված են, որդեկորույս հոր վշտով բացականչում է. «Ու՞ր են զավակներս»:
Մալոյանին առանձին տանում են Տիգրանակերտի մոտ գտնվող Քարա Քեոփրիվ անվամբ մի վայր: Ոստիկանապետը, ծաղրելով վերջին անգամ հարցնում է Մալոյանին՝ ուր են զենքերը: «Եթե ռումբեր ունեցած լինեի, թույլ կտայի՞, որ զավակներիս այսպես անեիք»,-լինում է Մալոյանի պատասխանը: Եվ այդ նույն վայրկյանին ծոծրակին մի փամփուշտ է ստանում ու հոգին ավանդում: Մալոյանի համար, ըստ երևույթին, փամփուշտ խնայել պետք չէր, ինչպիսի՛ ցինիկ մարդասիրություն:
Մի քանի ժամ հետո ոստիկանները Տիգրանակերտում ստորագրեցին հետևյալ բժշկական վկայականը. «Գերապատիվ Մալոյանը վախճանվեց ճանապարհին, սրտի կաթվածից»: