image

Թուֆենկյան հիմնադրամը կմեկնարկի «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» ծրագիրը

Թուֆենկյան հիմնադրամը կմեկնարկի «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» ծրագիրը

Թուֆենկյան բարեգործական  հիմնադրամը վերջերս հայտարարեց «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռության մեկնարկի մասին. նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Սփյուռքի հայտնի ու խոստումնալից հայ գործիչները պիտի այցելեն Արցախ ու հանրային ելույթներ ունենան այնտեղ:

««Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռնության նպատակն է ներգրավել և մոտիվացնել տեղի բնակչությանը և օգնել բարձրացնել Արցախի հեղինակությունը Հայաստանում և միջազգային մակարդակում», - բացատրեց Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հասարակական կապերի տնօրեն Ռուբէն Ճանպազեանը: «Այցելությունները կներառեն ոչ միայն հանրային ելույթներ, այլ նաև կլոր սեղան-քննարկումներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, թրեյնինգներ, եւ այլն, ըստ այցելուի»,- հավելեց Ճանպազեանը:

Նախաձեռնության առաջին հյուրերն են գրող, արձակագիր Արամ Ավետիսը՝ Երևանից, ու երգիչ, երգահան, ու գրող Ափօ Սահակեանը՝ Երուսաղեմից: Ավետեսի ու Սահակյանի այցերը կազմակերպվում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի հետ համագործակցաբար:

Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքի ներկայացումն ու հանրային ելույթը տեղի ունենալու է Կիրակի, Մայիսի 8-ին, երեկոյան ժամը 18:30-ին՝ «ԿԻՆԻ» ռեստորանում (Ստեփանակերտ, Թումանյան 95): Մուտքն ազատ է և բաց՝ հանրության. բոլոր ներկաներին նվերվելու է հեղինակի «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքից:

Ափօ Սահակեանի ակուստիկ ելույթը ունենալու է Կիրակի, Մայիսի 8-ին, երեկոյան ժամը 20:00-ին՝ Պոլ Էլյուարի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում (Ստեփանակերտ, Թումանյան 95): Մուտքն ազատ է և բաց՝ հանրությանը:

Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել Ռուբէն Ճանպազեանի հետ՝ rupen@tufenkian.org կամ զանգահարել +374-94-88-30-65 հեռախոսահամարով:

 

Արամ Ավետիս

Արամ Ավետիսը (Արամ Ավետիսյան) ծնվել է 1990 թվականի մայիսի 25-ին Երևանում։ Զինվորական ծառայությունից հետո՝ 2010 թվականին Արամն ընդունվել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական բաժինը։ Բակալավրն ավարտելուց հետո՝ 2014-2016 թվականներին, սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայի կինոգիտության բաժնում։

Արամը սկսել է գրել 17 տարեկանից։ Առաջին քայլերն սկսել է բանաստեղծություններ գրելով։ 2016-ին ստացել է Սլավիկ Չիլոյանի անվան տարվա հայտնություն մրցանակը։ Որպես գրող՝ տպագրվել է տարբեր ամսագրերում։

«Կույր կետադրություն»-ը գրողի առաջին գիրքն է, որը վերատպվել է չորս անգամ. գիրքը եղել է 2018 թվականի «Անտարեսի» «XXI» մատենաշարի տարվա ամենաշատ վաճառված գիրքը։ 2019 թվականի մայիսի 25-ին տեղի է ունեցել գրողի երկրորդ գրքի՝ «Ճարտարապետական մուտացիա»-ի շնորհանդեսը։ Գիրքը հայտնվել է բեսթսելլերների շարքում մի քանի անգամ։

2020 թվականին տպագրվել է գրողի երրորդ գիրքը՝ «Երբ առնետները կարդալ գիտեին» վերնագրով, որը 2021 թվականին նոմինացվել է Եվրոպական միության գրական մրցանակին։

 

Ափօ Սահակեան

Ափօ Սահակեանը ծնվել և մեծացել է Երուսաղեմի հայկական թաղամասում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքում: Նա կիթառ նվագել սովորել է տեղի հայկական դպրոց հաճախելիս, իսկ 13 տարեկանում սկսել է ստեղծագործել: 2013 թվականին նա հիմնեց իր սեփական արաբական փոփ-ռոք խումբը՝ Apo & the Apostles: Խումբը ունեցել է մի շարք տեղական և տարածաշրջանային հիթեր:

Ափօն հայտնի է նաև հայկական ժողովրդական երգերի իր մենակաբանություններով. նա համագործակցել է հայ երգիչների հետ (Արթուր Խաչենց, Անի Խառատյան) ու նրա մեկնաբանությունների ու ստեղծագործությունների շնորհիվ՝  նվիրյալ հետևորդներ է ձեռք բերել Հայաստանում և Սփյուռքում:

Ապրիլի 1-ին լույս է տեսել նրա «Մենք» ալբոմը՝ հայկական ժողովրդական և հեղինակային երգերի հավաքածոն: