Եւս մէկ տան վերանորոգում Արցախի մէջ. «Թիւֆենկեան հիմնադրամ»ի առաքելութիւնը կը շարունակուի:
Թիւֆենկեան բարեգործական հիմնադրամը ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր համայնքում վերանորոգել է Գրիգորեաններին պատկանող առանձնատունը, որը 44-օրեայ պատերազմի ժամանակ լրջօրէն վնասուել էր:
Գրիգորեանների տունը 2020 թուականի հոկտեմբերին ադրբեջանական կրակոցից երեք անգամ խոցուել է, որի հետեւանքով լրջօրէն վնասուել են տանիքը, դռները, արտաքին պատերը եւ պատուհանները: «տունը բնակելի չէր: Մենք շնորհակալ ենք Թիւֆենկեան բարեգործական հիմնադրամին եւ նրա բոլոր նուիրատուներին, որ վերանորոգեցին մեր տունը եւ հնարաւորութիւն տուեցին մեզ մնալ մեր գիւղումէ, - բացատրեց Մարատ Գրիգորեանը` Փետրուարի 8-ին տեղի ունեցած յանձման ժամանակ:
Մարատը, ով մասնակցել է 2020 թուականի պատերազմին, վերջերս է ամուսնացել եւ յոյս ունի ընտանիք կազմել այն տանը, որտեղ նա մեծացել է:
Միջոցարմանը ներկայ էին Հերհերի համայնքապետ Արման Ալեքսանեանը, յարակից գիւղերի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Թիւֆենկեան հիմնադրամի Ստեփանակերտի եւ Երեւանի գրասենեակների ներկայացուցիչներ:
Հերհերի եւ նրա շրջակայ գիւղերի բնակիչները 2020 թուականին Ադրբեջանի դէմ 44-օրեայ պատերազմի ընթացքում ենթարկուեցին ուժեղ ռմբակոծութիւնների: 2021 թուականի սկզբին ինտենսիւ մարտերի ժամանակ տարածաշրջանից լքած հազարաւոր ընտանիքներ վերադարձան իրենց տները, որոնց մէկ մասը լուրջ վնասներ է կրել: Պատերազմից յետոյ այս գիւղերից շատերն այժմ գտնւում են Ադրբեջանի սահմանից ընդամէնը մի քանի կիլոմետր հեռաւորութեան վրայ:
«Մեր առաջնահերթութիւնը տարածաշրջանի վնասուած տների վերանորոգումն է: Մենք նաեւ օգնում ենք մեր վիրաւոր զինուորներին` վերանորոգելով նրանց տները եւ դարձնելով դրանք աւելի յարմարաւէտէ,- բացատրեց հիմնադրամի արցախեան ծրագրի ղեկավար Էդգար Դանիէլեանը:
Անցեալ տարի, Արցախի իշխանութիւնների հետ խորհրդակցութիւններից յետոյ, Թիւֆենկեան հիմնադրամը կազմեց համապարփակ ծրագիր բաղկացած լրացուցիչ նախաձեռնութիւններից, որոնք նպաստում են Մարտունու շրջանի մի քանի գիւղերի, այդ թւում` Հերհերի եւ յարակից գիւղերի (Ծովատեղ, Խերխան) կրթական, առողջապահական, տնտեսական եւ այլ կարիքների բաւարարմանը: Ծրագրի տարբեր ասպեկտները ներառում են նաեւ մօտակայ Սօս եւ Մաճկալաշեն գիւղերը:
Գրիգորեանի տունը տարածաշրջանում 9-րդ տունն է, որը հիմնադրամը վերանորոգել է վերջին մէկ տարուայ ընթացքում: