Թուֆենկեան բարեգործական հիմնադրամը վերանորոգել է Հերհեր համայնքի բնակիչ, 44-օրեայ պատերազմում զոհուած ազատամարտիկ Արարատ Գրիգորեանի ընտանիքին պատկանող տունը:
Հերոսի այրին` Արմէնուհի Գրիգորեանը, կարեւորեց Թուֆենկեան բարեգործական հիմնադրամի` յետպատերազմեան շրջանում Արցախի ու արցախցու կողքին կանգնելու պատրաստակամութիւնը:
«Տան վերոնորոգման ծրագիրը հիմնադրամին է ներկայացրել համայնքի ղեկավար Արման Ալեքսանեանը: Փոխուել է տան տանիքը, տեղադրուել նոր սանհանգոյց, վերակառուցուել է նաեւ կցակառոյցը: Աշխատանքները կատարուել են պատշաճ կերպով, ինչի համար էլ շնորհակալ ենք Թուֆենկեան հիմնադրամին: Ուզում եմ, որ ծրագիրը շարունակական լինի, եւ բոլորն իրենց կողքին զգան բարի մարդկանց ներկայութիւնը: Այդպիսով Արցախն այս դժուարին իրավիճակից կարողանայ դուրս գալէ,-նշել է Արմէնուհի Գրիգորեանը:
Փետրուարի 8-ին կայացած մտերմիկ արարողութեանը ներկայ էին Հերհերի համայնքապետ Արման Ալեքսանեանը, յարակից գիւղերի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Թուֆենկեան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:
Հիմնադրամի տնօրէն Կրէկ Պետեանը իր խօսքում ընդգծեց` որ նրանք կը շարունակեն վերանորոգել 44-օրեայ պատերազմում զոհուած, վիրաւորուած զինծառայողների տները, ովքեր յանուն հայրենիքի պաշտպանութեան չխնայեցին իրենց սեփական կեանքը:
Անցեալ տարի, Արցախի իշխանութիւնների հետ խորհրդակցութիւններից յետոյ, Թուֆենկեան հիմնադրամը կազմեց համապարփակ ծրագիր բաղկացած զանազան նախաձեռնութիւններից, որոնք նպաստում են Մարտունու շրջանի մի քանի գիւղերի, այդ թւում` Հերհերի եւ յարակից գիւղերի (Ծովատեղ, Խերխան) կրթական, առողջապահական, տնտեսական եւ այլ կարիքների բաւարարմանը: Ծրագրի տարբեր ասպեկտները ներառում են նաեւ մօտակայ Սօս եւ Մաճկալաշեն գիւղերը:

