image

Սիրիայից հայրենիք եկած ապագա բժիշկը

Սիրիայից հայրենիք եկած ապագա բժիշկը

Սիրիայի Հալեպ քաղաքում ծնված եւ ընտանիքի հետ հայրենիք վերադարձած Երեւանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գեւորգ Պաղտասարյանի կարծիքով՝ բժշկական համալսարանում սովորելու կարեւոր նախապայմաններից է աշխատասիրությունն ու նպատակասլացությունը: «Դեռ փոքրուց որոշել էի՝ բժիշկ եմ դառնալու: Տարիների ընթացքում որոշումս անփոփոխ է մնացել: Շփվելով տարբեր բժիշկների հետ՝ ավելի եմ համոզվել, որ ճիշտ ուղի եմ ընտրել»,-ասում է ապագա բժիշկը՝ հավելելով, որ ընտրություն կատարելիս տրամադրվող կրթության որակի առումով հաշվի է առել հասարակության կարծիքը, ըստ որի՝ բժշկական մայր բուհը Հայաստանում մրցակից չունի:

Բարձր առաջադիմությամբ սովորող Գեւորգ Պաղտասարյանին ուսումնառության ընթացքում առաջ է մղում այն գիտակցումը, որ ապագայում գործ է ունենալու մարդկանց կյանքերի հետ: «Իմ պարտքն եմ համարում սովորել հնարավորինս լիարժեք, որովհետեւ բժիշկը սխալվելու իրավունք չունի: Սա է այն ամենը, ինչն ինձ մոտիվացնում եւ օգնում է հաղթահարել ուսումնական գործընթացի տեւական, բարդ ու բավականին հետաքրքիր ընթացքը»,-ավելացնում է նա:

Խոսելով մասնագիտական որակների մասին՝ Գեւորգ Պաղտասարյանն ընդգծում է, որ բժիշկը նախեւառաջ կոչում է, ոչ լոկ մասնագիտություն։ «Պատասխանատու, կարեկցող, կազմակերպված, հոգատար, ճշտապահ, նրբանկատ, օրինակելի, ազնիվ, մարդասեր…այս շարքն անվերջ է։ Ես ձգտում եմ հնարավորինս մոտ լինել բժշկի իմ իդեալին»,-ընդգծելով բժշկի կոչմանն արժանի անհատի հատկանիշները՝ եզրափակում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողը։

 

Բժշկականում ուսանողի կյանքն անցնում է շատ ակտիվ, բազմաբովանդակ ու արտասովոր։ «Անվերջ դասեր, հիվանդանոցային կյանք, որտեղ ամեն պացիենտ սպասում է բժշկի ճիշտ դրված ախտորոշմանը, բուժման բարեհաջող ընթացքի մասին լուրի կամ պարզապես բժշկի մի լավ խոսքի: Բուհի ներսում կյանքը եւս ոչ մի վայրկյան կանգ չի առնում։ Այս հարցում նշանակալի է Ուսանողական խորհրդարանի դերը։ Լինելով Ուսանողական խորհրդարանի անդամ՝ ամեն ինչ փորձում եմ անել, որ ուսանողական տարիները էլ ավելի հետաքրքիր անցնեն բոլորիս համար»,-նշում է նա:

Ապագա բժիշկը հետբուհական կրթությունը եւս կշարունակի բժշկական համալսարանում՝ ստանալով նեղ մասնագիտացում: «Նախատեսում եմ մասնագիտանալ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ուղղությամբ, սակայն չի բացառվում, որ տարիների ընթացքում, տեսնելով բազմաթիվ մասնագիտական ուղղություններ եւ շփվելով տարբեր բժիշկների հետ, փոխեմ որոշումս»,-ասում է բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողը:

Նա ուսման ընթացքում գերադասում է անել առավելագույնն ու պատրաստ է ապագայի ցանկացած մարտահրավերի: Իսկ գլխավորն այն է, որ մասնագիտական գործունեությունը ծավալելու է Հայաստանում՝ հայրենակիցներին օգնելու մղումով:

Նշենք, որ ապագա բժիշկը 4-ից մինչեւ 17 տարեկան զբաղվել է սպորտով, եղել է Հայաստանի Հանրապետության լողի ազգային հավաքականի անդամ, թիկնալող լողաձեւում՝ Հայաստանի տարիքային չեմպիոն։ Այժմ չի զբաղվում լողով, քանի որ իր ամբողջ ժամանակն ու ներուժը ներդրել է ուսման ու մասնագիտական կայացման գործում:

Նյութը՝ Պետական բժշկական համալսարանի