Մարտի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գեւորգյանն այցելել է Սիրիայի Խորհրդարան (Ժողովրդական Ժողով) եւ հանդիպում ունեցել ՍԱՀ խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի հետ, տեղեկանում ենք Սիրիայում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: ՀՀ դեսպանն նաև ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Սիրիայի Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումը, որը դարձավ հայ եւ սիրիացի ժողովուրդների համերաշխության եւս մեկ վկայություն:
Դեսպան Տ. Գեւորգյանը սիրիական կողմին է փոխանցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական բերակամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի՝ այս ապրիլի 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ նամակ-հրավերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:
Համուդա Սաբբաղը սիրով ընդունել է հրավերը եւ խոստացել ամենասեղմ ժամկետներում տեղեկացնել Հայաստան պատվիրակություն գործուղելու որոշման մասին: