ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը շարժանկարի բեմադրիչ Մհեր Մկրտչեանի հետ զրոյցի ժամանակ անդրադարձած է 2018թ. ապրիլեան իրադարձութիւններուն:
Ես կարող եմ բառացի մէջբերել ինչ-որ ասել եմ հարցազրոյցում, թէ դա ինչպէս պէտք է հնչէր իմ նախավերջին խմբագրումից յետոյ՝ շատ պարզ: Տեքստը հասկանալի է, ես ընթերցում եմ այդ հատուածը. «Նիկոլ Փաշինեանը ճիշդ էր, երբ ասում էր, որ ամէն գնով, կրկնում եմ, ամէն գնով պէտք է հասնի իշխանութեան: Ես սխալուեցի` կարծելով, որ նրա համար թանկ է Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացու կեանք»: Այս բարդ նախադասութիւնները ես պարզեցրել եմ՝ նկատի ունենալով հետեւեալ հանգամանքը, որ թէեւ շատ պարզ չէր ասուած, բայց կարող էր սա աւելորդ լարուածութիւն առաջացնել:
Այս էր ընդամէնը:
- Դրանից յետոյ Նիկոլը ձերբակալուեց՝ «Մարիոթի» հանդիպումից յետոյ:
Նա ձերբակալուեց 22-ին՝ ապրիլի 22-ին: Ես ենթադրում եմ, որ հարցը հետեւեալն է` ինչո՞ւ ձերբակալեցիք, յետոյ ինչո՞ւ ազատ արձակուեց:
- Ուզո՞ւմ էք սպասեմ, պատասխանը լսեմ, նոր հարցը տամ: Եթէ Ռատիոտնից յետոյ չձերբակալուեց, ապա ինչո՞ւ այդ հանդիպումից յետոյ ձերբակալուեց:
Տարբերութիւնը շատ մեծ էր: Ռատիոտան ժամանակ նրանք սակաւաթիւ էին, իսկ այդ ժամանակ արդէն բաւականաչափ մարդ կար փողոցներում, եւ նրանք արդէն կարմիր գծերը հատել էին: Հենց դրա համար էլ ես չընդդիմացայ իրաւապահների որոշմանը: Ինքս իմ ներսում արդէն մտածում էի հրաժարականի մասին: Ուստի, մտածեցի, որ իրաւապահների որոշումը, եթէ ճիշդ է, եւ եթէ դրանից յետոյ կարող էր հանդարտութիւն տիրել, ապա թող ձերբակալեն: Միեւնոյնն է, ես ամսի 21-ի երեկոյեան, 22-ի առաւօտեան արդէն մտածում էի հրաժարականի մասին: Անկախ նրանից կը հանդարտուէր, թէ չէ, միեւնոյնն է, ես հրաժարական էի տալու, որովհետեւ կային դրա համար պատճառներ: Ուստի, նորից եմ կրկնում, ես չընդդիմացայ` մտածելով, որ եթէ հանդարտուի՝ հանգիստ պայմաններում հրաժարական կը տամ, չհանդարտուի՝ ուրեմն ով ինձ կը փոխարինի, նա էլ նրան կ'ազատի: