image

Սարգսեան բացատրած է իր կողմէ օգտագործուած «Ես սխալ եմ, Նիկոլը ճիշդ» բառակապակցութեան իմաստը

Սարգսեան  բացատրած է իր կողմէ օգտագործուած «Ես սխալ եմ, Նիկոլը ճիշդ» բառակապակցութեան իմաստը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը  շարժանկարի բեմադրիչ Մհեր Մկրտչեանի հետ զրոյցի ժամանակ անդրադարձած է 2018թ. ապրիլեան իրադարձութիւններուն:


-Պարո՛ն նախագահ, «Նիկոլը ճիշդ էր, ես սխալուեցի»՝ այս արտայայտութիւնը երեք տարուայ ընթացքում թեւաւոր է դարձել: Բոլորը, այդ թուում՝ ես, օգտագործում են այդ արտայայտութիւնը, եւ բոլորը, այդ թուում՝ ես, չեն հասկանում այդ բառերի իմաստը: Ձեր արտայայտութիւնն է: Ի՞նչ է նշանակում դա, վերջիվերջոյ:

Ես կարող եմ բառացի մէջբերել ինչ-որ ասել եմ հարցազրոյցում, թէ դա ինչպէս պէտք է հնչէր իմ նախավերջին խմբագրումից յետոյ՝ շատ պարզ: Տեքստը հասկանալի է, ես ընթերցում եմ այդ հատուածը. «Նիկոլ Փաշինեանը ճիշդ էր, երբ ասում էր, որ ամէն գնով, կրկնում եմ, ամէն գնով պէտք է հասնի իշխանութեան: Ես սխալուեցի` կարծելով, որ նրա համար թանկ է Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացու կեանք»: Այս բարդ նախադասութիւնները ես պարզեցրել եմ՝ նկատի ունենալով հետեւեալ հանգամանքը, որ թէեւ շատ պարզ չէր ասուած, բայց կարող էր սա աւելորդ լարուածութիւն առաջացնել:

Ես գնացի նրա հետ հանդիպելու «Մարիոթ Արմենիա» հիւրանոցում: Իմ գործընկերներից շատերն ասում էին, որ պէտք չէ գնալ նրա հետ հանդիպման, բայց ես կարիք ունէի անձնապէս համոզուելու՝ իրօ՞ք այս մարդը կարմիր գիծ ունի, թէ՞ չունի: Եւ ես շատ կարճ րոպեների ընթացքում, կարճ ժամանակում համոզուեցի, որ, այո, նա ճիշդ է` նա պատրաստ է գնալ մինչեւ վերջ: Իսկ այդ վերջն ինձ համար շա՜տ վատ էր թուում, դիւային էր վերջը:

Այս էր ընդամէնը:

 

 - Դրանից յետոյ Նիկոլը ձերբակալուեց՝ «Մարիոթի» հանդիպումից յետոյ:

Նա ձերբակալուեց 22-ին՝ ապրիլի 22-ին: Ես ենթադրում եմ, որ հարցը հետեւեալն է` ինչո՞ւ ձերբակալեցիք, յետոյ ինչո՞ւ ազատ արձակուեց:

 

- Ուզո՞ւմ էք սպասեմ, պատասխանը լսեմ, նոր հարցը տամ: Եթէ Ռատիոտնից յետոյ չձերբակալուեց, ապա ինչո՞ւ այդ հանդիպումից յետոյ ձերբակալուեց:

Տարբերութիւնը շատ մեծ էր: Ռատիոտան ժամանակ նրանք սակաւաթիւ էին, իսկ այդ ժամանակ արդէն բաւականաչափ մարդ կար փողոցներում, եւ նրանք արդէն կարմիր գծերը հատել էին: Հենց դրա համար էլ ես չընդդիմացայ իրաւապահների որոշմանը: Ինքս իմ ներսում արդէն մտածում էի հրաժարականի մասին: Ուստի, մտածեցի, որ իրաւապահների որոշումը, եթէ ճիշդ է, եւ եթէ դրանից յետոյ կարող էր հանդարտութիւն տիրել, ապա թող ձերբակալեն: Միեւնոյնն է, ես ամսի 21-ի երեկոյեան, 22-ի առաւօտեան արդէն մտածում էի հրաժարականի մասին: Անկախ նրանից կը հանդարտուէր, թէ չէ, միեւնոյնն է, ես հրաժարական էի տալու, որովհետեւ կային դրա համար պատճառներ: Ուստի, նորից եմ կրկնում, ես չընդդիմացայ` մտածելով, որ եթէ հանդարտուի՝ հանգիստ պայմաններում հրաժարական կը տամ, չհանդարտուի՝ ուրեմն ով ինձ կը փոխարինի, նա էլ նրան կ'ազատի: