image

Ռոբեր Կետիկյանի «Մի կին այսօր» ֆիլմը բարձրանում է Ֆրանսիայի կինոէկրաններ

Ռոբեր Կետիկյանի «Մի կին այսօր» ֆիլմը բարձրանում է Ֆրանսիայի կինոէկրաններ

Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր և դերասան Ռոբեր Կետիկյանի «Մի կին այսօր» (A Woman Today) նոր ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի «Giornate degli Autori» ծրագրում արժանացել է «Europa Cinemas Label» հեղինակավոր մրցանակին։ Մրցանակը շնորհվում է կինոփառատոնի ընթացքում՝ առանձնացնելով եվրոպական լավագույն կինոնկարները և աջակցելով դրանց ցուցադրությանը կինոթատրոններում։ Այս պատիվը ֆիլմին տրամադրում է ֆինանսական ու գովազդային աջակցություն, մեծացնում է ճանաչելիությունը եվրոպական տարածողների ու ցուցադրողների շրջանում, ինչպես նաև օգնում է «Europa Cinemas» ցանցի միջոցով հասնել լայն հանդիսատեսի։

Վենետիկում կայացած համաշխարհային պրեմիերայից ընդամենը օրեր անց ֆիլմի ամերիկյան պրեմիերան կայացել էր 2026 թվականի Հայկական ֆիլմերի փառատոնում (Armenian Film Festival), իսկ 2026 թվականի հոկտեմբերի 21-ին «Մի կին այսօր» ֆիլմն արդեն բարձրանում է Ֆրանսիայի կինոէկրաններ։

Ֆիլմը պատմում է հաջողակ ֆինանսիստ Ժուլիետի մասին, ում մասնագիտական հաջողություններով, շքեղությամբ ու ճամփորդություններով լեցուն, նախանձելի թվացող կյանքի հետևում թաքնված է ներքին դատարկության զգացում։ Գործընկերոջ կողմից հարձակման ենթարկվելուց հետո Ժուլիետը բռնում է նոր ուղի՝ իմաստ ու նպատակ փնտրելով կյանքում։

Ռեժիսոր Ռոբեր Կետիկյանը ծնվել է Մարսելում՝ հայի և գերմանուհու ընտանիքում։ Նա ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետում, իսկ կինոյում աշխատում է 1979 թվականից։ Կետիկյանը մշտապես սերտ կապ է պահպանում Հայաստանի և հայկական թեմատիկայի հետ։ 2005 թվականին նա Հայաստանում նկարահանել է «Ճամփորդություն Հայաստանում» ֆիլմը, իսկ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, նկարահանել է «Խենթ պատմութիւն մը» ֆիլմը։ Նույն թվականին նա Երևանում գլխավորել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին, ինչպես նաև ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։