Քրեմլի մէջ կ՚ակնկալեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը դեկտեմբեր 26-ին տեսակապով կը մասնակցի Ս. Փեթերսպուրկի մէջ կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին. այս մասին ըսած է Ռուսիոյ նախագահի մամուլի քարտուղար Տմիթրի Փեսքովը:
Առաւօտեան Փաշինեանը յայտնած է, որ քովիտի ախտորոշման պատճառով պիտի չմասնակցի Ս. Փեթերսպուրկի մէջ կայանալիք ԱՊՀ երկիներու ղեկավարներու ոչ պաշտօնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ բարձրագոյն տնտեսական խորհուրդի նիստին մասնակցիլ-չմասնակցելու վերաբերեալ որոշում պիտի կայացնէ մինչեւ օրուան վերջ:
«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել:
Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդէն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի:
Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտօնական գագաթնաժողովին:
Մինչեւ օրուայ վերջ որոշում կը կայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագոյն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերեալ»,- գրած է ան։