image
Հրատապ լուրեր:

ՊՆ-ի վարժանքներուն մասնակցողներուն կրնան առաջնագիծ տանիլ. «Հրապարակ»

ՊՆ-ի վարժանքներուն մասնակցողներուն կրնան առաջնագիծ տանիլ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրած է․ «Երէկ մայրաքաղաքի եւ մարզերի զինկոմիսարիատները ծանուցագրեր էին բաժանում զինծառայութիւն անցած ու այդ ընթացքում յստակ մասնագիտութիւններ ձեռք բերած քաղաքացիներին։ Եւ սա վէճ էր առաջացրել բնակչութեան շրջանում։ Ծանուցագրերը բաժանւում էին ՀՀ պաշտպանութեան նախարարութեան առաջարկած նախագծի հիման վրայ ՀՀ կառավարութեան կողմից ընդունուած «հերթական ծրագրային վարժական հաւաքներ յայտարարելու մասին» որոշման հիմքով։ Համաձայն այդ որոշման` հերթական ծրագրային հաւաքներին ներգրաւուելու են պահեստազօրայիններ՝ համազօրային եւ հրթիռահրետանային մասնագիտութիւններով: Վարժական հաւաքներն անցկացուելու են մինչեւ նոյեմբերի 22-ը:

Այս ծանուցագրերը, յատկապէս վերջին օրերին գրանցուած զոհերի ֆոնին, բնական անհանգստութիւն ու բացասական հակազդեցութիւն են առաջացրել իրենց զաւակներին առաջնագիծ ուղարկելուն դիմադրող ծնողների մօտ։ Երեւանում ծանուցագրերն ուղարկւում են փոստով, իսկ մարզերում առձեռն են յանձնում։ Ծանուցագիր բաժանողներից ոմանք անգամ հրաժարւում են այդ գործառոյթն իրականացնել՝ չցանկանալով արժանանալ ծնողների անէծքին ու կշտամբանքներին։ Ծնողներից մէկը մեզ ասաց՝ թող ծանուցագիր բաժանողն ասի՝ ինքը պատասխանատո՞ւ է իր որդու համար, որ վարժանքների աւարտից յետոյ իր որդին ողջ-առողջ կու գայ-կը հասնի տուն, թէ՞ ոչ։ Եթէ գլխով պատասխան կարող է տալ, կ'ուղարկի իր զաւակին, եթէ ոչ՝ ոչ։ Իսկ ծանուցագիր բաժանողները, բնականաբար, որեւէ պատասխանատւութիւն չեն կարող ստանձնել։ Ծնողներին անհանգստացնում է յատկապէս այն, թէ արդեօք վարժանքներին մասնակցելու համար զօրակոչուածներն անցնելո՞ւ են մարտական հերթապահութիւն կամ հնարաւոր յարձակման դէպքում մասնակցելո՞ւ են, արդեօք, մարտական գործողութիւններին:

Պարզուեց՝ այո։ ՊՆ մամուլի խօսնակ Արամ Թորոսեան մեզ հետ զրոյցում այս հարցի կապակցութեամբ ասաց. «Վարժական հաւաքներին ներգրաւուելուց յետոյ նշանակւում են համապատասխան զինուորական հաստիքներում, անցնում մարտական ներդաշնակում եւ ընդգրկւում մարտական հերթապահութիւնում»:

Ըստ Արամ Թորոսեանի` սա նշանակում է, որ այս ծանուցագրերով հաւաքների մասնակիցները լիարժէք զինծառայողի կարգավիճակ են ստանում: «Այսինքն` ստացաւ ծանուցագիրը, ներգրաւուում է վարժական հաւաքի, նշանակւում զինուորական հաստիքի, անցնում մարտական պատրաստութեան ծրագրով դասընթացներ, մարտական ներդաշնակում եւ ընդգրկւում մարտական հերթապահութիւնում»,- ասաց նա` յիշեցնելով, որ հաւաքներից խուսափելն առաջացնում է քրէաիրաւական պատասխանատւութիւն:

Կարելի է ենթադրել, որ առաջիկայում նոր յարձակումներ ու լարուածութիւն են սպասւում հայ-ատրպէյճանական սահմանին, ՊՆ-ն, փաստացի, վարժանքների անուան տակ զօրակոչ է իրականացնում, եւ բացառուած չէ, որ զօրակոչուածները կարճ ժամանակ անց յայտնուեն մարտական գործողութիւնների կիզակէտում։

Ի դէպ, մեզ ասացին, որ հակառակ երեւոյթն էլ կայ՝ որոշ տեղերում վարժական հաւաքներին մեկնում են աշխատանք ու եկամուտ չունեցող անձինք, որոնք 3 ամիս ապրում են զօրամասերում, գրեթէ ոչինչ չեն անում եւ փող են ստանում դրա դիմաց։ Այլ արատաւոր երեւոյթների մասին էլ են պատմում, սակայն մենք ձեռնպահ կը մնանք դրանց մասին խօսելուց»։