image

Փաշինեան Զասը չէ ընդունած. «Հրապարակ»

Փաշինեան  Զասը չէ  ընդունած. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը կը գրէ. «Սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Սթանիսլաւ Զասի գլխաւորած պատուիրակութիւնը ժամանեց Երեւան, նախատեսուած էր, որ մնալու են 5 օր՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Նպատակը՝ «ուսումնասիրել իրավիճակը Հայաստանի եւ Ատրպէյճանի սահմանին, առաջարկներ ներկայացնել՝ առկայ լարուածութիւնը թուլացնելու համար»։ Ենթադրւում էր, որ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարին պետութեան ղեկավարը կ'ընդունի։

Ի վերջոյ, սահմանային լարուածութեան թուլացումն այսօր առաջնահերթ խնդիր է, սակայն Փաշինեանը չի ընդունել ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարին։ Եւ նրա՝ Երեւան ժամանելուց 2 օր անց մեկնել է Նիւ Եորք, որտեղ, ՄԱԿ-ի Գլխաւոր համաժողովի նստաշրջանի շրջանակներում, հանդիպում ունեցաւ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի թիւ մէկ թշնամու՝ ՆԱԹՕ-ի գլխաւոր քարտուղար Եէնս Սթոլթենպըրկի հետ:

Իսկ այդ ընթացքում Հայաստանում Զասը հանդիպումներ էր ունենում երկրորդ էշելոնի չինովնիկների հետ՝ փոխարտգործնախարար, ԱԽ քարտուղար, ԳՇ պետ։ Երէկ տեղեկութիւններ էին շրջանառւում, թէ Փաշինեանի նիւեորքեան հանդիպման մասին տեղեկանալով՝ Զասը նախատեսուածից մի քանի օր շուտ մեկնել է Հայաստանից։

Թէ կոնկրետ որ օրն է մեկնել, ԱԳՆ-ից չյաջողուեց պարզել։ Փաստ է, որ սեպտեմբերի 22-ից յետոյ Զասը ոչ մի հանդիպման չի մասնակցել, նրա մասնակցութեամբ որեւէ միջոցառման մասին հաղորդագրութիւն չի տարածուել»:

Ամբողջութեամբ յօդուածը՝ օրաթերթի այսօրուայ թիւին մէջ: