Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան առթիվ մամուլը հիշել է պարզ և անմիջական նախագահի կյանքից որոշ դրվագներ: Քչերին է հայտնի, որ Ժակ Շիրակը 1956-1957 թվականներին մասնակցել է Ալժիրի պատերազմին, որտեղ վիրավորվել է: Երիտասարդ տարիքում նա տարված է եղել կոմունիստական գաղափարներով, տարածել «Յումանիտե» թերթը:
2 անգամ Ֆրանսիայի նախագահ, 2 անգամ Ֆրանսիայի վարչապետ և 3 անգամ Փարիզի քաղաքապետ եղած Շիրակը հանընդհանուր սեր էր վայելում:
Կար ժամանակ՝ Ֆրանսիայում վաճառում էին նրա այս լուսանկարով շապիկները: Իսկ լուսանկարի պատմությունն այն է, որ իբրև քաղաքապետ 1980 թվականին, ժամանակակից արվեստի ցուցահանդես գնալիս մետրոյում հանկարծ զգացել է, որ ուշանում է: Ցուցահանդեսի բացվելուն քիչ ժամանակ էր մնացել, և Շիրակը որոշում է կարգը խախտել, արագ անցնել մետրոյի արգելափակոցը և վազել հրավիրված վայր: Պատմական պահը արձանագրվել է, և հաջորդ օրը Փարիզի թերթերը լույս են տեսել քաղաքապետի անսովոր լուսանկարով: «Բռնիր ինձ, եթե կարող ես» խորագրով այդ լուսանկարով նաև պոստերներ և բացիկներ են վաճառվել: