Սրբութի՜ւն է պէտք, նախ՝ քեզ, հայ էակ,
Որ դիտում ես լոկ քո կեանքը համակ,
Ու չես նկատում աշխարհից զրկուած
Մեղսալի դարից՝ թշուառ քո եղբօր
Պաղատանքը լուռ,
Որ հազարամեայ անունըդ հայկեան
Հալա՛լ լինի քո յորդորող սրտին։
Սրբութի՜ւն է պէտք՝ ո՜վ գեղադէմ սուտ,
Որ թէ՛ ստում ես խորագէտ մարդուն,
Եւ թէ քո սրտին,
Սլանում ես վեր քո սուտ նեկտարով,
Երկրային ախտից վարակուած հոգւով,
Եւ խօսում ստից՝ վարքով եդեմի...
Սրբութի՜ւն է պէտք, քեզ, ո՛վ երազանք,
Դո՛ւ, որ չես զիջում քո հպարտանքից,
Չես էլ մտածում երկնի ապագադ,
Միայն ապրում ես որ ապացուցես
Համայն աշխարհին կեանքըդ ձեւապաշտ.
Ափսոսում եմ քեզ, դու իմ որբ մասունք,
Վախենում նաեւ՝ որ զիս էլ դրժես։
Սրբութիւն է պէտք, քեզ, դժգո՛հ աշխարհ,
Որ պայքարում ես դարերի խորքից
Ընդդէմ՝ բարեսիրտ, անձնուէր մարդկանց,
Հոգեւոր մարդկանց,
Մարդկանց՝ սրբութեան պսակը կրող...
Ե՞րբ ես հագնելու գութ, ողորմութիւն,
Որ լինես անգայթ անբասիր կոթող
Քո կեանքի վերջում։
Կայլակ