image
Հրատապ լուրեր:

Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ պետական կրթաթոշակ՝ մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ

Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ պետական կրթաթոշակ՝ մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ

Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորելու համար ՀՀ քաղաքացիներն այսուհետ կստանան պետական կրթաթոշակ, եթե նրանք համապատասխան աջակցություն ունեն նաև ՀՀ-ում գործող մասնավոր ընկերությունների կողմից և համարվում են տվյալ ընկերության աշխատակից, տեղեկանում ենք ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ 

 

Բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կրթաթոշակը կտրամադրվի աշխարհի լավագույն բուհերի http://www.shanghairanking.com վարկանիշավորման կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65, իսկ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի համար։ Պետության կողմից տրվող կրթաթոշակի առավելագույն չափ է սահմանվում 10 մլն ՀՀ դրամը՝ մեկ տարվա համար։ Պարտադիր պայման է նաև, որ արտերկրի բուհում սովորող քաղաքացին աջակցություն ունենա ՀՀ-ում ռեզիդենտ համարվող մասնավոր կազմակերպության կողմից՝ ուսման վարձի 50 տոկոսի չափով։

 

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստում: Հարցի զեկուցման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ներկայացված որոշման ընդունումը բխում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերից, որոնք արտահայտված են ռազմավարական մի շարք փաստաթղթերում և ոլորտում իրականացվող բարեփոխումներում: Մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում և Կառավարության ծրագրում ամրագրված մի շարք թիրախներ վերաբերում են մարդկային կապիտալի զարգացմանը:

 

Կարևորելով տնտեսության տարբեր ոլորտներում մրցունակ կադրերի առկայությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պետք խստացնել վերահսկողությունը և ծրագրի շրջանակում կրթաթոշակ ստացողների պարտադիր հետվերադարձի համար գործուն մեխանիզմներ սահմանել։

 

Նա ընդգծել է՝ պետությունը չի կարող ռեսուրսներ ներդնել մարդկային կապիտալի զարգացման համար, որը հետագայում չի ծառայելու Հայաստանի Հանրապետությանը: Վարչապետն ընդգծել է՝ պետական քաղաքականության առաջնահերթություն են որակյալ մասնագետների վերադարձն ու ՀՀ տնտեսական զարգացմանը նպաստելը: