Հոկտեմբեր 20-ին բռնագրաւուած Ստեփանակերտի մէջ մահացած 70-ամեայ Վերա Աղասեանի հարազատները պիտի դիմեն Կարմիր Խաչի միջազգային կոմիտէին, որ կնոջ մարմինը Հայաստանի մէջ յուղարկաւորեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբեր 25-ին, յայտնած է Վերա Աղասեանի 32-ամեայ դուստրը՝ նշելով, որ Վերա Աղասեանը 4 զաւակ ունի, սակայն անոնք չեն կրցած համոզել իրենց մայրը ու Հայաստան բերել։
«Մայրս գիւղում էր ապրում։ Պատերազմի ժամանակ ես՝ երեք անչափահաս երեխաներիս հետ տեղափոխուեցի Հայաստան, չգիտէի, որ մայրս այնտեղ է մնացել։ Յետոյ անընդհատ համոզում էի իրեն, որ գար Հայաստան, սակայն նա չէր ցանկանում։ Մայրս հոգեկան առողջութեան հետ կապուած խնդիրներ ունէր։
Մի քանի անգամ նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէին եմ դիմել, սակայն ասել են, որ չեն կարող բռնի ուժով բերել մայրիկիս, եթէ նա չի ցանկանում։ Վերջին վեց ամիսների ընթացքում մայրիկիս հետ զրուցել չի ստացուել։ Ես անգամ չգիտէի, որ նա հիւանդ էր։ Մի քանի օր առաջ մահուան մասին իմացայ։ Պատրաստւում եմ դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտէին, որպէսզի մայրիկիս մարմինը Հայաստան բերեն ու կարողանանք այստեղ յուղարկաւորել»,–պատմած է Վերա Աղասեանի դուստրը։
Հայաստանի մէջ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի պատուիրակութեան հաղորդակցման ծրագրերու ղեկավար Զառա Ամատունին յայտնած է, որ կազմակերպութիւնը կապի մէջ է մահացածի հարազատներու հետ եւ պատրաստ է նպաստելու հետագայ քայլերու իրականացման, որոնց կարիքը պիտի ունենայ ընտանիքը եւ որոնք պիտի համաձայնեցուին իշխանութիւններու հետ:
Աւելի վաղ յայտնած էինք Ստեփանակերտի մէջ մնացած հայուհի Վերա Աղասեանի մահուան մասին: 70-ամեայ կնոջ մահուան պատճառ ճանչցուած է սիրտ-թոքային սուր անբաւարարութիւնը, որ զարգացած է թոքային զարկերակի խցանման հետեւանքով:
Լուրը՝ NEWS.am-էն