image

Մեկ օրվա մեջ Երևանում հավաքվել է 6 տոննա ուտելիք` Գյումրիի և Տավուշի համար

Մեկ օրվա մեջ Երևանում հավաքվել է 6 տոննա ուտելիք` Գյումրիի և Տավուշի համար

Ինչպես  տեղեկացրել էինք,  շաբաթ օրը` դեկտեմբերի 5-ին, անձնական նախաձեռնությամբ Կասկադում կազմակերպվել էր սննդահավաք` Գյումրիի և Տավուշի անապահով ընտանիքներին օգնելու համար: Նախաձեռնության հեղինակներն էին Արեն Ափիկյանն ու Թերեզա Մխիթարյանը: Հարյուրավոր քաղաքացիներ են մասնակցել սննդահավաքին` այդ մասին տեղեկանալով Ֆեյսբուքից: Նախաձեռնության հեղինակները հայտնում են, որ  մեկ օրվա մեջ հավաքվել է 6 տոննա ուտելիք և մոտ 2000 $ վառելափայտի գումար: «Ընդամենը մեկ շաբաթ առաջ Իտալիայի ամենահայտնի Food bank-երից մեկը` (Banco Alimentare Italiano), ամբողջ Իտալիայի տարածում կազմակերպելով սննդահավաք` հավաքել է  8,9 տոննա, այն դեպքում, երբ այդ կազմակերպությունը 20 տարվա փորձ ունի, իսկ մենք առաջին անգամ էինք նման նախաձեռնություն իրականացնում»,-ասում է Թերեզա Մխիթարյանը:  Նա ապրում է Շվեյցարիայում, և այցելելով Գյումրի, ծանր տպավորություն է ստացել` տեսնելով չքավոր ընտանիքների կյանքը: Առաջին գումարային օգնությունն էլ իր կողմից է եղել, այնուհետև առաջացել է ձմեռային սննդահավաքի գաղափարը: Նախաձեռնությանն արձագանքել են նաև Թերեզայի օտարազգի ընկերները:  Ըստ կազմակերպիչների, եթե  Հայաստանում հիմնվի  սննդահավաք կազմակերպություն, ապա այն կդառնա կարիքավորներին օգնելու ռեալ միջոց, քանի որ կիրակի օրվա նախաձեռնությունը ցույց տվեց, որ հայերը պատրաստակամ են ուտելիքով օգնել իրենց կարիքավոր հայրենակիցներին: «Միայն պետք է հայերի մոտ վստահություն ձեռք բերել, որպեսզի նրանք համոզվեն, որ իրենց նվիրաբերած ուտելիքը տեղ է հասնելու»,- «Արեւելքի» հետ զրույցում ասաց Թերեզա Մխիթարյանը: Նա  նաև նշեց, որ այս գործում պետք է ներգրավվեն միայն կամավորներ, ոչ ոք իր արած գործի դիմաց վարձատրություն չպետք է ակնկալի, այդ դեպքում գործը կհաջողվի: Նա նշեց, որ նույնիսկ բեռնատար մեքենաների վարորդները, ովքեր տեղափոխել են ուտելիքն ու վառելափայտը, տեղեկանալով նախաձեռնության մասին, իրենք են առաջարկել իրենց օգնությունը:  

Սնունդն ու վառելափայտն ուղարկվել է է Գյումրիի և Տավուշի մոտ  150 ընտանիքների:   

Food bank-ն աշխարհում ընդունված գաղափար է, որի միջոցով սնունդ է հավաքվում և տրմադրվում կարիքավոր մարդկանց: