Մեր հայրենակից, ՆԱՍԱ-ի ռադիոկապի ինժեներ Ռիչարդ Օհանյանն աշխատում է աշխարհի ամենահետաքրքիր գիտական կենտրոններից մեկում` ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում`հայտնի JPL-ում, որն աշխարհի գիտա-հետազոտական եզակի վայրերից է, ուր ռոբոտացված տիեզերական սարքեր են պատրաստվում եւ ուղարկվում զանազան մոլորակներ: JPL-ը նաեւ Երկիր մոլորակի ուղեծրի հետազոտություններ է կատարում, բայց տիեզերքով հետաքրքրված մարդկանց հրապուրում է հատկապես լաբորատորիայի գործունեությունը մարդու` ոտք չկպած մոլորակների խորհրդավոր աշխարհում: JPL-ի վերջին աշխատանքներից է Մարս ուղարկած Curiosity մարսագնացի նախագծումը, ուղարկումը եւ վայրէջքը` Կարմիր մոլորակի վրա, 2012թ. օգոստոսին: Մեր հայրենակից Ռիչարդ Օհանյանը (ինչպես նաեւ ՆԱՍԱ-ում աշխատող այլ հայեր եւս) անձամբ է մասնակցել այդ նշանավոր մարսագնացի ստեղծմանը:
ՆԱՍԱ-ի վերջին պաշտոնական հայտարարության առթիվ (Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունն օրերս հայտարարեց, որ Մարսի վրա ջուր կա) «Արեւելքը» զրույց ունեցավ Ռիչարդ Օհանյանի հետ: Գիտնականը նշեց, որ հայտարարությունը ինչ-որ տեղ շրջադարձային կարելի է համարել, քանի որ ջրի հայտնաբերման հաջորդ քայլը տանում է դեպի Մարսի վրա կյանք որոնելուն. «Եւ առհասարակ, արդեն հենց այդ ուղղությամբ էլ նախագծվում են ապագա մարսագնացները: Curiosity-ն, որն այսօր աշխատում է Մարսի վրա, կյանքի բաղադրիչ էլեմենտներն է որոնում, իսկ հաջորդ մարսագնացը նախագծվում է իբրեւ անցյալի կամ ներկա «կյանք» փնտրող սարք եւ ապացուցելու է այն»,- նշեց Ռիչարդ Օհանյանը, ավելացնելով, որ կյանք ասելով պետք է պատկերացնել պարզունակ օրգանիզմներ:
«Դա կարող է լինել պրիմիտիվ կյանքի, գոյակցության, մանրէների կամ` մեկ այլ տեսքով»: Նույն կերպ էլ, ինչպես նշեց Ռիչարդ Օհանյանը, ջուր ասելով պետք է պատկերացնել բավականին շատ մակարդակով քիմիական աղերով խտացված հեղուկ ջուր: «Սովորական հեղուկ ջրի գետեր չեն հոսում Մարսի վրա: «NASA-JPL-ի Mars Reconnaissance Orbiter» միջմոլորակային արբանյակի (որ Մարս է հասել 2006 թ.-ին եւ սկսել իր հետախուզական աշխատանքը Մարսի շուրջ) վրա տեղադրված հատուկ գործիքների միջոցով մենք հնարավորություն ունենք տեսնելու Մարսի վրայի քիմիական բաղադրիչները: Ջրի հետ կապված վերջին հայտնաբերումները վերաբերվում են Մարսի վրա առկա քիմիական բաղադրիչներից առաջացած թացություններին: Առայժմ գիտնականները չգիտեն, թե որտեղից են առաջանում ջրի հետքերը, տարբեր տեսություններ կան աղերով լի ջրի հետքերի մասին»,-նշեց Ռիչարդ Օհանյանը, նշելով, որ հաջորդ մարսագնացը արդեն նախագծվում է այնպես, որ սարքը ոչ թե կանգ առնի Մարսի միայն մեկ վայրում եւ իր աշխատանքը կատարի, այլ բոլոր այն հնարավոր վայրերն «այցելի», որտեղ ենթադրվում է, որ հեղուկի հետքեր կան:
2020 թվականին ՆԱՍԱ-ի հաջորդ մարսագնացը հենց այդ «երթուղով» է ուղեւորվելու դեպի Մարս:
«Բայց պետք է զգույշ լինել, որ մեր միջոցով փոխադրված մանրէներով կամ օրգանիզմներով չաղտոտվեն Մարսի վրայի միջավայրը եւ ջուրը»,-ասում է Ռ. Օհանյանը:
Մարսագնացների վայրէջքը Կարմիր մոլորակի վրա վաղուց այլեւս իրականություն է: Իսկ ե՞րբ է մարդը իջնելու Մարսի վրա: Ըստ հայ գիտնականի, հեռու չէ այդ օրը. նախատեսվում է, որ 2030-2040 թվականների միջեւ ընկած տասնամյակում մարդը իջնելու է Մարսի վրա: Գիտնականի խոսքերով, այն, որ Մարսի վրա ջուր կա, շատ կարեւոր հայտնաբերում է նաեւ հենց մարդու` Մարս ուղեւորվելու առումով: «Եթե քննվի այդ ջրի ծագումը, ապա շատ հնարավոր է, որ այնտեղ իջնելու դեպքում մարդը զտի, մաքրի եւ օգտագործի հենց Մարսի վրայի ջուրը»,-նշեց մեր զրուցակիցը:
Ինչպես
հայտնել էինք, Ռիչարդ Օհանյանը «Արեւելքի» հետ զրույցում հաստատել էր, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Մարսի վրա Գառնի հայկական տեղանվան նմանությամբ խառնարան է անվանակոչվել:
Լուսանկարում`Ռիչարդ Օհանյանը` «NASA-JPL-ի Mars Reconnaissance Orbiter» միջմոլորակային արբանյակի 1/2 մոդելի հետ, որը Մարսի վրա որսացել է ջրի հետքերը
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել