Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված հստակ պահանջներ ներկայացրել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է տարածաշրջանի երկրների դեմ անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ ու քաղաքացիական ենթակառուցվածքները պահպանելու և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը։
Մակրոնը Իրանին կոչ է արել ներգրավվել բարեխիղճ բանակցությունների մեջ՝ նպատակ ունենալով ստեղծել այնպիսի շրջանակ, որը կհասցեագրի միջազգային հանրության մտահոգությունները Թեհրանի միջուկային ու բալիստիկ ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանային ապակայունացնող գործողությունների վերաբերյալ։
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը խիստ պահանջ է ներկայացրել Իրանի իշխանություններին՝ օր առաջ ազատ արձակել և հայրենիք վերադարձնել Իրանում պահվող Ֆրանսիայի երկու քաղաքացիներին։