100 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսահայ բարերար, հավաքորդ, գորգագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Դրաստամատ Կանայանի զինակից «Դրաստամատ Կանայանի» անվան մեդալակիր՝ Մուշեղ Չալոյանը (Մարտիրոսյան):
Մուշեղ Մարտիրոսյանը ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 5-ին, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1941 թվականին մեկնել է Բաքու՝ բարձրագույն ուսում ստանալու նպատակով։ Հայրենական Մեծ պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է ռազմաճակատ։ 1942 թվականին գերի է ընկել, տարվել Լեհաստան, որտեղից էլ՝ Ստրասբուրգ, ապա Ռենի ճամբար։ Ճամբարում խորհրդային ռազմագերիների համար նախատեսված շախմատի մրցաշարում դարձել է հաղթող և իրավունք ստացել քաղաքում շրջագայելու։ Նրա արձակման թերթիկի վրա գրել են Չալիևսկի ազգանունը, որով էլ նա մեկնել է Փարիզ և հետագայում կրել Չալոյան ազգանունը։
1946 թվականից աշխատանքի է անցել հին գորգերի հավաքածուով զբաղվող վարպետ Գևորգ Բակերչյանի և Հայկ Աղաբեկյանի մոտ և նրանցից սովորել գորգի հետ կապված մի շարք գաղտնիքներ։ Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանը Ֆրանսիայում ամուսնացել է ֆրանսահայ Արաքսիի հետ և Փարիզում հիմնել գորգերի գնահատման և վաճառքի ընկերություն։ Նա այդ բնագավառում հասել է բավականին մեծ հաջողությունների։ Նրա գորգերի հավաքածուի մեջ գերակշռել են հայկական գորգերը, որոնց մի մասը նա նվիրել է Հայաստանին։
1966 թվականին Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանը Հայաստանի Մատենադարանին է նվիրել 17-րդ դարի «Նարեկ» գիրքը:
Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանի կողմից Խնձորեսկի միջնակարգ դպրոցում բացվել է շախմատի սենյակ, որը կրում է իր անունը։ 2013 թվականին նա նույն դպրոցին է նվիրել 1890 թվականի «Խնձորեսկ» գորգը։
2013 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում բացվել է Մուշեղ և Միքայել Չալոյանների գորգերի ցուցահադեսը։ Ներկայացված գորգերի մեծ մասը պատկանում է պատմական Հայաստանի գորգագործական կենտրոններին։
Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանը Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել նկարիչ Պավել Կուզնեցովի «Արարատ» (1930) նկարը և քանդակագործ Հակոբ Գյուրջյանի «Սալոմե» քանդակը (1925), Էջմիածնի թանգարանին՝ նկարիչներ Կ. Մոմջյանի, Հ. Կյուլբենկի, իսկ Շուշիի թանգարանին` Գառզուի, Ժանսեմի, Շահինի գրաֆիկ գործերից և Մարտիրոս Սարյանի նկարներից:
2015 թվականին «Տիգրան Մեծ» հրատարակչությունում լույս է տեսել Մուշեղ Չալոյան֊Մարտիրոսյանի «Մաքուր ձեռքեր՝ թե շախմատ» գիրքը։ Նույն թվականին ՊՆ նախարարը ֆրանսահայ համայնքում հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով։
Ֆրանսահայ գործիչը մահացել է Փարիզում՝ մայիսի 26-ին։