Օրերս ամերիկահայ Փիթ Մարքը սոցցանցերում հուզիչ հրապարակում է արել՝ հետադարձ հայացք նետելով իր ընտանիքի պատմությանը, հայկական արմատներին և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներին:
Մեծ տատիկի ավանդական տոլմայի բաղադրատոմսով կերակուր պատրաստելիս՝ հեղինակը վերհիշել է իր նախնիների անցած ուղին, որն ամուր կապված է Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքի հայ համայնքի ձևավորման հետ:
Փիթ Մարքի մեծ տատիկը ծնվել է հունիսի 12-ին, և այս տարի կլրանար նրա 129-ամյակը: Ավելի քան չորս սերունդ առաջ՝ 1914 թվականի հոկտեմբերի 2-ին, նա «Պատրիս» (SS Patris) շոգենավով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Ամբողջովին պատահականություն էր, որ հենց այսօր էի պատրաստում այս կերակուրը, բայց երբ լվանում էի խաղողի տերևները, զգում էի նրա ներկայությունը, ասես կանգնած լիներ թիկունքիս հետևում ու հավանության նշանով ժպտար»,-նշում է Փիթ Մարքը:

Նրա մեծ տատիկն ու մեծ պապիկը՝ Հակոբ (Հենրի) Մարքը (նախնական ազգանունը՝ Մարգարյան), եղել են Մասաչուսեթսի Լոուել քաղաքի հայ համայնքի կարկառուն և հարգված դեմքերից:
Ըստ տվյալների՝ նրանք եղել են առաջին զույգը, որը պսակադրվել է Լոուելի հայկական եկեղեցում, որն այն ժամանակ գտնվում էր Լորենս (Lawrence Street) փողոցում:
Ընտանիքի ներդրումը համայնքային և հոգևոր կյանքում շարունակական է եղել: 1978 թվականին, երբ կառուցվում էր եկեղեցու նոր շենքը, Մասաչուսեթսի Չելմսֆորդ քաղաքում, հենց այս զույգի կողմից եկեղեցուն է նվիրաբերվել մի մեծ բյուրեղապակյա ջահ, որն առ այսօր զարդարում է տաճարի սրահը:
«Այսօր հպարտության օր է»,-իր խոսքն ամփոփել է ամերիկահայը՝ փաստելով, որ հայկական ինքնությունն ու նախնիների հիշատակը վառ են մնում աշխարհի ցանկացած անկյունում՝ նույնիսկ տասնամյակներ անց:
