image
Հրատապ լուրեր:

Լիբանանահայ Մարալ Նաճարեանը հաւանաբար հրաժարի ՀՀ քաղաքացիութենէն

Լիբանանահայ Մարալ Նաճարեանը հաւանաբար հրաժարի ՀՀ քաղաքացիութենէն

 

Ատրպէյճանի մէջ գերութենէն վերադարձած Մարալ Նաճարեանը կրնայ հրաժարիլ Հայաստանի քաղաքացիի անձնագրէն:

 

Սքանտալային իրավիճակի մասին յայտնի դարձած է Դիմատետրի մէջ պատգամաւոր Նայիրա Զոհրապեանի հրապարակումէն մէկ օր առաջ:
Այս կապակցութեամբ NEWS.am-ի թղթակիցը դիմած է Մարալ Նաճարեանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանտր Քոչուպաեւին:

«Երբ Մարալ Նաճարեանը յայտնուեց գերութեան մէջ, փաստաթղթերն իր հետ էին: Վերադառնալուց յետոյ անձնագիրն իրեն չեն վերադարձրել, այն մնացել է Ատրպէյճանում: Ես՝ որպէս Մարալ Նաճարեանի ներկայացուցիչ, ոստիկանութիւն յայտարարութիւն եմ ներկայացրել՝ խնդրելով Ատրպէյճանում մնացած անձնագիրն անվաւեր ճանաչել եւ նորը տալ: Դրան մենք ստանում ենք բոլորից ամենազաւեշտալի պատասխանը. Մարալը պէտք է անձամբ գայ անձնագրային վարչութիւն, դիմում ներկայացնի՝ նոր անձնագիր ստանալու համար:

Կարգաւորումն հենց այդպիսին է, սակայն իրավիճակը բացառիկ է: Խօսքը պարզապէս լիբանանցի հայ կնոջ մասին չէ, ով ցանկանում է հայկական անձնագիր ստանալ: Խօսքը գերութիւնից վերադարձած կնոջ մասին է, ով վերականգնման փուլում է: Պետութիւնը պարտաւոր էր համապատասխան մօտեցում ցուցաբերել: Այս ամէնը նշուած է յայտարարութեան մէջ, որ խօսքը գերութիւնից վերադարձած Մարալ Նաճարեանի մասին է, ում անձնագիրը մնացել է Ատրպէյճանում: Սակայն պետութիւնը շատ արհամարհական վերաբերմունք ցուցաբերեց: Այժմ մենք տիկին Նաճարեանի հետ քննարկում ենք՝ պէտք է արդեօք նրան հայկական անձնագիր, թէ՞ ոչ:  Դա պարզելուց յետոյ մենք կ'որոշենք հետագայ գործողութիւնները: Կամ անձնագիր ստանալու համար դիմում ենք Վարչական դատարան, կամ նա որոշում է կայացնում, որ հրաժարուում է հայկական անձնագրից: Կարծում եմ՝ իրավիճակը պարզ կը դառնայ այսօր կամ վաղը:

Խնդիրն այն է, որ բացառիկ իրավիճակները բացառիկ լուծումներ են պահանջում: Մարալ Նաճարեանը Պէյրութում հով նստած չէր, եւ ներողութիւն եմ խնդրում արտայայտութեան համար, եւ յանկարծ որոշեց փոխել իր անձնագիրն եւ դա անել ներկայացուցչի միջոցով, իսկ ոստիկանութիւնն ասում է, որ օրէնքը դա չի նախատեսում, եւ նա պէտք է անձամբ ներկայանայ: Ռազմական գործողութիւնների հետ կապ չունեցող քաղաքացիական անձը գերի է ընկել, անձնագիրը յայտնուել է թշնամու ձեռքում, եւ այս պայմաններում պահանջել նրա ներկայութիւնը բացարձակապէս յիմարութիւն է»,- շեշտած է Ալեքսանտր Քոչուպաեւը:

Լիբանանի եւ Հայաստանի քաղաքացի Մարալ Նաճարեանը գերեվարուած էր զինադադարի հաստատման մասին եռակողմ յայտարարութեան ստորագրումէն ետք: Այդ չէր խանգարած Ատրպէյճանի իշխանութիւններուն քանի մը ամիս գերութեան մէջ պահել անմեղ կինը: