Մեծ Ներգաղթի ժամանակ Սփյուռքում դերակատարություն ունեցած հայերի պատմությունները շատ են ու բազմազան: Նրանցից մեկի՝ Խոսրով Դաբաղյանի մասին պատմում է դուստրը՝ ամերիկաբնակ Մարալ Դաբաղյանը. «Իմ հայրն ունեցել է Ցեղասպանությունից փրկված հայերին բաժին ընկած բազում ճակատագրերից մեկը: Նա՝ Խոսրով Դաբաղյանը, ծնվել է Տիգրանակերտում՝ 1909-ին, բայց հանգամանքների բերումով նրա անձնագրում իբրև ծննդյան թվական նշվել է 1912-ը: Ցեղասպանությունից հետո նրա ընտանիքը նախ գնացել է Սիրիայի Ղամիշլիի և Մարտինիի շրջանները, իսկ հետո՝ Մոսուլ:
Հորս հոր անունը Միհրան Դաբաղյան էր, Տիգրանակերտի մաքսատանը ղեկավար պաշտոն է զբաղեցրել: 1915-ի ապրիլյան ցեղասպանության օրերին մի օր գործի է գնացել ու այլևս նրան չեն տեսել Տիգրանակերտում… Հայրս, իր մայրը, մորաքոյրը, վերջինիս ամուսինն ու քույրը, ուրեմն հաստատվել են Մոսուլում: Հորս մորաքույրը զավակ չի ունեցել և հորս որդեգրել է Մոսուլում, հետևաբար հայրս ապրել է իր մորաքրոջ և նրա ամուսնու հետ, որոնք Մուսուլում հիմնել են գինու առաջին գործարանը: Հետո հորս ուղարկել են Հալեպ, որտեղ ուսանել է Հալեպի Ամերիկյան քոլեջում, ստացել է երկրաչափության մասնագետի վկայական: Մուսուլի մեջ էլ հայրս ամուսնացել է մորս՝ Սիրանույշ Ամիրյանի հետ: Մորս մայրն էլ՝ Լուսընթագը, Էրզրումում էր ծնվել, իսկ մորական պապս՝ Դանիել Ամիրյանը, ծնվել է Սղերդում: Մորական պապս երբ Մոսուլ է գնացել, մի շենք է վերցրել և այն երիտասարդները, որոնք ջարդից փրկվում Մոսուլ էին գալիս՝ առանց ծնողների, որբ, բոլորին այդ շենքում տեղ է տվել: Այդտեղ պահել է այդ երիտասարդներին, մինչև ոտքի կանգնեն, մի տեղ հասնեն: Դանիել պապս հացատուն է բացել Մոսուլում և այդ եկամտով պահել է այդ որբ հայերին:
Գալով հորս, ասեմ, որ նա Մոսուլում դառնում է քաղաքի գլխավոր երկրաչափը: 1947-ին երբ ներգաղթ է կազմակերպվում դեպի Հայաստան, հայրս ներգաղթի հանձնախմբի անդամ է լինում, շատ-շատերին օգնում է, որ գնան Հայաստան: 35-38 տարեկան էր հայրս այդ ժամանակ և ամեն ինչ անում էր, որ դեպի հայրենիք գործը հաջողությամբ պսակվի: Նա,վաճառում է նույնիսկ իր տունն ու օգնում բոլոր այն ընտանիքներին, որոնք ներգաղթում են Հայաստան: Նա շատ հայրենասեր, հայաստանասեր էր, Հայաստանի օգնության հանձնախմբի մեջ էլ դերակատարում է ունեցել: Երբ փոքր էի՝ հիշում եմ, ամեն օր անպայման հայկական ռադիո էր լսում: Հայրս ոչ միայն սիրահարված էր Հայաստանին, այլև միշտ մտածում էր, որ եթե այս օտար երկրներից մի օր մեզ դուրս հանեն, մենք տեղ ունենք գնալու: Իսկապես այդպես է, և այս օրերին նույն մտքերը ես եմ ունենում.. Այսպես, հայրս ցավոք սրտի վաճառեց իր տունն ու օգնեց Հայաստան գնացողներին: Ինչու եմ ասում՝ ցավոք սրտի, որովետև երբ հայրս օգնեց հայերին ներգաղթել, ուրիշ հայեր գնացին, առարկեցին, բողոքեցին, ասացին որ այդ մարդը կոմունիստ է, և հորս պաշտոնազուրկ արեցին:
Մյուս կողմից էլ լավ էր, որ հայրս երկրաչափի գործից զրկվեց այդ ժամանակ, քանի որ այլ առաջարկություններ ստացավ: Քանի որ նա լավ անգլերեն էր խոսում՝ Հալեպի Ամերիկյան Քոլեջում ուսանած լինելու շնորհիվ, Գերմանիայից ու Անգլիայից շինարարական ընկերություններ հորս լավ գործեր առաջարկեցին, և հայրս այդ գործերի շնորհիվ հարստացավ: Մայրս երբեմն պատմում էր, որ շատ է հուզվել, նեղվել, որ հորս գլխավոր երկրաչափի պաշտոնից հանել են, բայց փաստորեն, դա ամենալավ բանն էր, որ պատահել էր իրեն: 1958-ին իսլամական մեծ հեղափոխություն եղավ Մոսուլում. այդ օրերին, պատկերացնում եք, մի քանի անձիք մարդ բերեցին մեր տուն, որ հորս վնասեն, և մենք 1960-ին փոխադրվեցինք Բաղդատ: Հայրս մինչև 1966 թվականը Բաղդատի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության շրջանային վարչության անդամ էր, իսկ 1970-71-ին՝ Բաղդատի ՀԲԸՄ ատենապետը: Այդ պաշտոնում նրա աշխատած տարիներին շատ հայեր էին գալիս օգնություն խնդրելու՝ հիվանդի բուժման, ամուսնության և հազարումեկ հարցերով, հայրս միության գործերի մեջ չէր մտցնում այդ խնդրանքները, իր գրպանից էր տալիս: Շատ է օգնել: Երբ տուն էր գալիս, մայրս միշտ հորս կատակով ասում էր՝ լա՛վ է, շապիկդ վրադ եկար տուն: Այդպիսի մարդ եղած է իմ հայրը, որ մահացել է 1993-ին: Ես 1969-ին արդեն դուրս էի եկել Իրաքից, Անգլիա էր գնացել՝ դոկտորական ուսումս շարունակելու՝ իմունոլոգիայի գծով: Հետո ես իհարկե մորս բերեցի Լոս Անջելես՝ ինձ մոտ:
Ես ամբողջ կյանքում ապրում եմ հորս մասին հիշողություններով, նա մեծ դեր է ունեցել իմ մասնագիտության գործում, քաջալերել է, որ ես Իրաքում իմ չսիրած գործը՝ դեղագործի գործը թողնեմ և գնամ ու ավելի բարձր ուսում ստանամ, որովհետև ես այդպես էի ուզում: Շատերն են հիշում Խոսրով Դաբաղյանին, նրա արա գործերը, նրա հիշատակը միշտ վառ է»: