image

Սուտլիկ որսկանությունից մինչեւ խոստումների մշտադիտարկում (մոնիտորինգ)

Սուտլիկ որսկանությունից մինչեւ խոստումների մշտադիտարկում (մոնիտորինգ)

Սմբատ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

«Շրջահայաց տիրակալը չի կարող և չպետք է կատարի իր խոստումը, եթե դա կարող է շուռ գալ իր դեմ և եթե վերացել են իր խոստում տալու դրդապատճառները»։ 

Նիկկոլո Մակիավելլի

 

Մակիավելլիի այս գաղափարը՝ «տիրակալը չի կարող և չպետք է կատարի իր խոստումը», արտացոլում է Վերածննդի քաղաքական փիլիսոփայության պրագմատիկ մոտեցումը, որն այժմ էլ շարունակում է պահպանել իր արդիականությունը ժամանակակից քաղաքական հարաբերություններում։ Հընթացս պատմության, քաղաքական խոստումները շատ հաճախ ծառայել են որպես ուժի և իշխանության ամրապնդման գործիք։ Մակիավելլիի «Տիրակալը» աշխատության մեջ առաջ քաշված այն միտքը, որ պետական շահը գերակա է բարոյական պարտավորությունների նկատմամբ, բազմաթիվ քաղաքական գործիչների համար հաճախ դարձել է իրենց տված խոստումներից խուսափելու արդարացում, երբ դրանք այլևս չեն ծառայել իրենց քաղաքական նպատակներին կամ իշխանական ձգտումներին։ Փաստորեն, խոստումը դադարում է լինել հասարակության հանդեպ պարտավորվածություն և վերածվում է քաղաքական մանիպուլյացիայի միջոցի, որը կարող է գործել միայն այնքան ժամանակ, քանի դեռ նպաստում է իշխանության ձեռքբերմանը կամ ամրապնդմանը։ 

Բայց փոխվել են ժամանակները, փոխվել են հասարակական ընկալումները և խոստումները չկատարելը դիտարկվում է ոչ թե որպես պետական իմաստնության դրսևորում, այլ որպես անպատասխանատվության և անվստահելիության դրսևորում։ Թվանշանային դարաշրջանում, երբ յուրաքանչյուր խոսք արխիվացվում և պահպանվում է հանրային հիշողության մեջ, քաղաքական խոստումները դարձել են ավելի պարտավորեցնող։ Սոցիալական մեդիայի դերի բարձրացումը նույնպես փոխել է խաղի կանոնները՝ քաղաքական խոստումը վերածելով ոչ միայն հանրային խոստումի, այլև մշտապես վերահսկվող և գնահատվող խոստումի։

Այսօր բազմաթիվ երկրներում գործում են մասնագիտացված կառույցներ և հարթակներ, որոնք զբաղվում են քաղաքական գործիչների և կուսակցությունների նախընտրական խոստումների համակարգված վերլուծությամբ և դրանց կատարման գնահատմամբ: Միով բանիվ՝ հետարդիական ժողովրդավարական հասարակություններում ձևավորվել են հաստատութային (ինստիտուցիոնալ) մեխանիզմներ, որոնք նպատակաուղղված են ապահովելու քաղաքական գործիչների հանրային հաշվետվողականությունը և խոստումների իրականացման թափանցիկությունը։ Նմանատիպ նախաձեռնություններ գործում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում: Դիցուք՝ ԱՄՆ-ում գործող PolitiFact-ը և Promise Tracker-ը հենց այդպիսի կազմակերպություններ են, որոնք տրամադրում են խոստումների վերահսկման գործիքներ («Truth-O-Meter», «Obameter» և «Trump-O-Meter»)։ Դրանք մանրակրկիտորեն գրանցում, վերլուծում և գնահատում են քաղաքական գործիչների խոստումները՝ հանրությանը տրամադրելով փաստերի վրա հիմնված տեղեկություններ։

Այս կազմակերպությունները գործում են հստակ մեթոդաբանությամբ։ Դրանք հետևում են ընտրական խոստումներին և դասակարգում դրանք ըստ իրականացվածության աստիճանի։ PolitiFact-ը, որը 2009թ. արժանացել է Պուլիցերյան մրցանակի, կիրառում է վեցաստիճան սանդղակ՝ «ճշմարիտ»-ից մինչև «կատարյալ սուտ»։ Այդպիսով՝ քաղաքացիներին հնարավորություն է տրվում հստակ գնահատել քաղաքական հայտարարությունների արժանահավատությունը։ Promise Tracker-ը ավելի շատ կենտրոնանում է խոստումների կատարման գործընթացի վրա՝ տրամադրելով քաղաքացիներին տվյալներ, որոնք օգնում են հասկանալ, թե որքանով են իրենց ընտրած քաղաքական գործիչները հետևում իրենց խոստումներին։ Այս մեխանիզմները նպաստում են հաշվետվողականության մշակույթի ձևավորմանը, որտեղ քաղաքական գործիչները չեն կարող պարզապես մոռանալ իրենց խոստումները՝ ինչպես առաջարկում էր Մակիավելլին։

Նման համակարգի ներդրումը Հայաստանում գայթակղիչ գաղափար է, թեպետ երկրի քաղաքական մշակույթի ներկա վիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս՝ դրա իրական արդյունավետության և գործնական կիրառման հնարավորության առումով։ Բանն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դիսկուրսում նկատվում է մտահոգիչ մի միտում՝ բովանդակային առաջարկներն ու ծրագրային խոստումներն աստիճանաբար փոխարինվում են մրցակցին վարկաբեկող հռետորաբանությամբ, անձնական բնույթի մեղադրանքներով, զրպարտչական արշավներով և տեղեկատվական մանիպուլյացիաներով։ Քաղաքական ուժերի միջև երկխոսությունը հաճախ վերածվում է հայհոյախառն մեղադրանքների, իսկ զանգվածային լրատվամիջոցներից շատ քչերն են, որ ստուգում են փաստերը՝ ավելի հաճախ հանդես գալով որպես այս կամ այն քաղաքական ուժի խոսափող։ Պատկերավոր ասած՝ ընտրությունները սահմանափակվում են կուսակցությունների միջև ընթացիկ մրցակցությամբ, մինչդեռ հասարակության իրական կարիքներն ու սպասումները մնում են լուսանցքում։ Իրավիճակ, որը ոչ միայն խաթարում է առողջ քաղաքական մրցակցությունը, այլև սահմանափակում է քաղաքացիների՝ գիտակցված ու տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։

Այս համատեքստում տեղին է հիշատակել Ժակ Ռանսիերի (Jacques Rancière) մոտեցումը, որը նկարագրում է քաղաքական համակարգի կերպափոխությունը՝ խոստման քաղաքականությունից դեպի հակախոստման ռեժիմ։ Ըստ այդմ՝ խոստումն այլևս չի ծառայում ապագայի հանդեպ պատասխանատվություն կրելու գաղափարին, այլ վերածվել է կարճաժամկետ շահ ապահովող գործիքի։ Սա միայն լեզվական տեղաշարժ չէ․ տեղի է ունենում քաղաքականության խորքային այլակերպում՝ ստեղծող, արարող խոսքից («կկառուցենք», «կփոխենք») անցում՝ խոչընդոտող խոսքի («չենք թողնի քանդել», «կպահպանենք»)։ Ռանսիերի բնորոշմամբ՝ քաղաքականությունը դադարել է լինել «ուտոպիական կղզիներ տանող գաղտնի ճանապարհորդություն», այժմ այն նույնացվում է «նավարկելու և ալիքների վրայով լողալու արվեստի հետ»։ Ապագայի դինամիկան նահանջում է ներկայի կործանման վախի առջև՝ «հանուն»-ի քաղաքականությունը մղվում է հետին պլան՝ տեղը զիջելով «ընդդեմ»-ի գերիշխանությանը։ 

Այս հակախոստման ռեժիմում քաղաքական խոսքն այլևս հենված չէ նպատակների վրա, այլ՝ սպառնալիքների չեզոքացման։ Քաղաքական գործիչն այլևս չի խոստանում բարելավում, այլ երաշխավորում է, որ «ավելի վատը չի լինի»։ Այսու՝ հակախոստման քաղաքականությունը ձևավորում է երկակի իրավիճակ, ուր մի կողմից՝ ապագայի լռեցումը ներկայացվում է իբրև անվտանգության երաշխիք, իսկ մյուս կողմից՝ քաղաքականությունը զրկվում է բովանդակային պայքարներից: Ձևավորվում է «անվերջ ներկա», որտեղ իշխանության պահպանումը կամ նվաճումը գործում են ոչ թե որպես փոփոխության, այլ որպես կայունության երաշխավորներ։ Արդյունքում՝ քաղաքականությունը դադարում է լինել հանրային բանավեճի տարածք, որտեղ քննարկվում են ժողովրդական իրական պահանջները, և վերածվում է զուտ իշխանության պահպանման կամ նվաճման տեխնոլոգիայի: 

Եվ այդուհանդերձ, թերևս հենց այսպիսի մեխանիզմի՝ քաղաքական խոստումների (լինեն դրանք իշխանական թե ընդդիմադիր) և ծրագրերի ստուգման գործնական կիրառումը կամ դրա շուրջ իրականացված համակողմանի հետազոտությունները կարող են հանդիսանալ առաջին քայլը դեպի առավել առողջ քաղաքական մշակույթի կերտում։

 

Ապրիլի 12, 2025

 

Ապրիլի 12, 2025