Cop 29-ին մասնակցելու հետ կապուած դեռ որոշում չունինք։ Այս մասին լրագրողներու հետ զրոյցին ըսած է Արտաքին գործոց նախարարի տեղակալ Վահան Կոստանեանը:
«Վստահաբար այն պահին, երբ որ լինի որոշում, մենք պատշաճ կերպով կը տեղեկացնենք, թէ արդեօք մասնակցում ենք, վերջնական որոշում կայ մասնակցելու կամ չմասնակցելու եւ ի՞նչ մակարդակով կը մասնակցենք։
Եւրոպական երկրների յայտարարութիւնները COP29-ին ընդառաջ գերիների հետ կապուած խօսում են այն մասին, որ գերիների խնդրի հասցէագրումը շատ կարեւոր է, եւ մենք նոյնպէս այդ աշխատանքներն ենք տանում, որ բոլոր հայ ռազմագերիները եւ այլ պահուող անձիք ի վերջոյ վերադառնան Հայաստան»,-ըսած է ան:
Հարցին՝ այս պահուն COP29-ի շրջածիրէն ներս գերիներու վերադարձի, խաղաղութեան հետ կապուած քննարկումներ կա՞ն Պաքուի հետ, Կոստանեանն ըսած է. «Ընդհանուր բանակցային դինամիկայից պէտք է դատել։
Բնականաբար կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումները, այդ թւում նաեւ Ադրբեջանի կողմից ուղարկուած նախագծի 11-րդ խմբագրումը ստացանք վերջերս եւ դիտարկում ենք։ Դեռեւս մնում են, շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակէտները տարբերւում են, բայց մենք տեսնում ենք հնարաւորութիւն այս տեսակէտները դիտարկելու։
Հայաստանի Հանրապետութիւնը շարունակում է շահագրգռուած լինել Ադրբեջանի հետ տարածքների կարգաւորման գործընթացում, եւ կարծում ենք դրական հաղորդագրութիւններն են, որոնք օգնում են այս գործընթացին, ինչպէս նաեւ երկու պետութիւնների հանրութիւններին նախապատրաստումը»:
Լրագրողի դիտարկման, որ օրերս Ատրպէյճանէն գաղտնազերծած են խաղաղութեան պայմանագրի չհամաձայնեցուած կէտերը, որոնց մէջ կան Եւրոպական Միութեան դիտորդներու դուրսբերման, սահմանադրութեան փոփոխման, Ատրպէյճանի դէմ ներկայացուած միջազգային հայցերէն հրաժարելու հետ կապուած հարցեր, փոխնախարարն ըսած է. «Հինգշաբթի այդ հարցին պատասխանել եմ կառավարութեան նիստից յետոյ, կրկնելու կարիք չեմ տեսնում»: