ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը ելոյթ ունեցած է Միջխորհրդարանական միութեան 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներուն:
Ելոյթը՝ ստորեւ.
«Տիկի՛ն նախագահ,
Պարո՛ն գլխաւոր քարտուղար,
Ձե՛րդ գերազանցութիւններ,
Յարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ինձ համար մեծ պատիւ է ելոյթ ունենալ Միջխորհրդարանական միութեան 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտութեան, տեխնոլոգիաների եւ նորարարութեան կենսական դերն աւելի խաղաղ ու կայուն ապագայի ձեւաւորման գործում:
Հայաստանի համար՝ երկրի, որը կանգնած է աշխարհաքաղաքական բարդ մարտահրաւէրների առջեւ, գիտութեան եւ տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլեւ ազգային անվտանգութիւն, կենսունակութիւն եւ կայուն զարգացում:
Քանի որ գիտութեան, տեխնոլոգիաների եւ նորարարութեան կիրառումը կարող է օգտագործուել նաեւ ի վնաս մարդկանց ու լինել մարտահրաւէր մեր նպատակներին հասնելու ճանապարհին, մեր ընտրութիւնն է օգտագործել այն առաւելագոյն սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական աճ ստանալու համար՝ միաժամանակ վերացնելով թերութիւններն ու խնդիրները:
Հայաստանի առանցքային առաջնահերթութիւններից է վերականգնուող էներգետիկայի զարգացումը: Տարուայ 270 արեւային օրերի շնորհիւ մեր երկիրը կարող է արեւային էներգիան դարձնել էներգետիկ ռազմավարութեան կեդրոնական մասը: Մենք մտադիր ենք մինչեւ 2030 թուականը եռապատկել արեւային էներգիայի արտադրութիւնը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնուազն 15 տոկոսը վերականգնուող աղբիւրներից: Անցումը մաքուր էներգիայի նուազեցնում է մեր կախուածութիւնը հանածոյ վառելիքներից եւ պակասեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով կայուն զարգացմանը:
Գիտութիւնն ու տեխնոլոգիաները կարեւոր դեր են խաղում Հայաստանի ռեսուրսների առաւել արդիւնաւէտ կառավարման եւ կլիմայի փոփոխութեան հետ կապուած ռիսկերի նուազեցման գործում: Այս ոլորտներում առաջընթացը լուծումներ է առաջարկում մեր առջեւ դրուած խնդիրներին՝ գիւղատնտեսութեան արտադրողականութեան բարձրացումից մինչեւ բնական աղէտների դէմ պայքարի բարելաւում: Խելացի կերպով կիրառելով այս տեխնոլոգիաները՝ մենք ոչ միայն պաշտպանում ենք շրջակայ միջավայրը, այլեւ աւելի լաւ ապագայ ենք ապահովում յաջորդ սերնդի համար:
Յարգելի՛ գործընկերներ,
Կարեւոր է կիրառել յուսալի տեխնոլոգիական լուծումներ: Հայաստանը, ինչպէս եւ շատ այլ երկրներ, կեդրոնացած է ածխաթթու գազի արտանետումների նուազեցման, ռեսուրսների պահպանման եւ բնապահպանական պատասխանատւութեան մշակոյթի խթանման վրայ: Դա հաւաքական ջանք է, եւ մենք բոլորս պէտք է նպաստենք մեր մոլորակի պաշտպանութեան համար տեխնոլոգիական առաջընթացի խելացի օգտագործման ապահովմանը:
Գիտութիւնն ու տեխնոլոգիաները նաեւ խաղաղաշինութեան հզօր գործիքներ են: Գիտական նորարարութիւնները կարող են օգնել մեզ բաւարարել մարդկանց կարիքները՝ սկսած բնական ռեսուրսների շուրջ հակամարտութիւնների նուազումից մինչեւ մարդու իրաւունքների պաշտպանութիւն: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանը ձգտում է օգտագործել տեխնոլոգիաները:
Ինչ վերաբերում է խաղաղութեան հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնութեան հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջօրէն սկսուեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնութիւնը միջազգայնօրէն ճանաչուած 5 կէտի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք լիովին համաձայնութեան ենք եկել 16 կէտի շուրջ:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, կատարեալն այլեւս չպէտք է լինի լաւի թշնամին:
Եկել է խաղաղութիւն հաստատելու ժամանակը. խաղաղութեան ժամանակը հիմա է:
Մենք հրաւիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտուել պահից եւ միանալ մեզ՝ հնարաւորն իրականութիւն դարձնելու համար:
Հայաստանը պատրաստ է խաղաղութեան պայմանագիր կնքել թէկուզ այսօր:
Շնորհակալութիւն»,- նշած է ան: