image
Հրատապ լուրեր:

Հայաստանից 5 պատանի կսովորի Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում

Հայաստանից 5 պատանի կսովորի Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան ու ընծայարան կրթական հաստատությունը  հայտնում է, որ Սուրբ Երկիր են ժամանել հայաստանցի հինգ նոր ուսանողներ, որոնք սովորելու են վարժարանում, ընծայարանում եւ ստանալու են հոգեւոր կրթություն։ 

Նրանք,  Ժառանգավորաց վարժարանի եւ ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գեւորգ Վարդապետ Հայրապետյանի ուղեկցությամբ ներկայացել են Երուսաղեմի պատրիարք Նուրհան արք․ Մանուկյանին եւ ստացել նրա օրհնությունը։  

Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը կրոնական գիշերօթիկ ուսումնական հաստատություն է, որ գործում է պատրիարքարանի տնօրինության ներքո։ Հիմնվել է 1843 թվականին, Ռամլեում, Զաքարիա Կոփեցի պատրիարքի օրոք։ Մեկ տարի անց տեղափոխվել է Երուսաղեմ։ Ունի ուսանողներ շատ երկրներից, որոնք ուսանում են վարժարանում (4 տարի) եւ ընծայարանում (3 տարի)։

Կրոնական այս հաստատությունում դասավանդվում են գրականություն, գրաբար,  լեզու, տրամաբանություն, պատմություն, եբրայերեն, արաբերեն, անգլերեն,  աստվածաբանություն, Վարդապետական Աստվածաբանություն, ճարտասանություն, հոգեբանություն, իմաստասիրություն, եկեղեցական, մեթոդական եւ այլ առարկաներ։ Ավարտողները սովորաբար դառնում են հոգեւորականներ։