image
Հրատապ լուրեր:

Հայաստանի Արտաքին Գործոցը միջազգային հանրութեան Ատրպէյճանը զսպելու կոչ ըրաւ

Հայաստանի Արտաքին Գործոցը միջազգային հանրութեան Ատրպէյճանը զսպելու կոչ ըրաւ

Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարութիւն տարածած է Գեղարքունիքի մարզի ուղղութեամբ Ատրպէյճանի զինուած ուժերու գործողութիւններու վերաբերեալ, որ ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ․

«Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի զինուած ուժերը կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Նորաբակի հատուածում տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրաւոր: Ադրբեջանական Զինուած ուժերը կիրառել են նաեւ ականանետեր եւ անօդաչու սարքեր:

Հայաստանի Հանրապետութիւնն այս ընթացքում բազմիցս ահազանգել էր, որ Ադրբեջանը, նպատակ ունենալով նախապէս ծրագրաւորուած ռազմական գործողութիւններ իրականացնել, միտումնաւոր, համակարգային կերպով ապատեղեկատւութիւն է տարածում:

Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ ոտնձգութիւնները, որոնք զուգորդւում են ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների վերաբերեալ ադրբեջանական կողմից տարբեր մակարդակներով, ինչպէս նաեւ տարբեր պետական լրատուամիջոցներով պարբերաբար հնչող յայտարարութիւններով ու ռազմատենչ հռետորաբանութեամբ, հանդիսանում են ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով առկայ հարցերը կարգաւորելու, սեփական կամքը պարտադրելու Բաքուի ագրեսիւ քաղաքականության շարունակութիւնը:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցէական կոչերի եւ աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացուող այս սադրանքը նաեւ միտուած է շեղել միջազգային հանրութեան ուշադրութիւնը եւ խուսափել իր պարտաւորութիւնների կատարումից:

Խստօրէն դատապարտում ենք Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիւ գործելաոճը, որն ուղեկցւում է արդէն 8 ամսից աւել տեւող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, եւ կարող է լրջօրէն խոչընդոտել տարածաշրջանում կայունութիւն եւ տեւական խաղաղութիւն հաստատելու ջանքերին: Հայաստանի Հանրապետութիւնը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինուած ուժերի բոլոր ստորաբաժանումները պէտք է դուրս բերուեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

Կոչ ենք անում միջազգային հանրութեանն ու տարածաշրջանում իրական կայունութեամբ շահագրգիռ դերակատարներին առկայ մեխանիզմների կիրառմամբ եւ գործուն ու յստակ քայլերի միջոցով զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առաւելապաշտական վարքագիծը՝ իրավիճակի հետագայ սրումը կանխելու եւ Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու նպատակով»,-ըսուած է յայտարարութեան մէջ։