«TRIPP նախագիծը, երկաթուղուց և ավտոմայրուղուց բացի, ապագայում կարող է ծառայել նաև օպտիկամանրաթելային մալուխների, էլեկտրահաղորդման գծերի և նավթագազային խողովակաշարերի անցման համար», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 11-ին Նախիջևան կատարած այցի ընթացքում։
Ադրբեջանի նախագահը պետական հեռուստաընկերության հետ հարցազրույցում Հայաստանի տարածքում TRIPP նախագծի գործարկման առանցքում հատկապես կարևորել է էներգետիկ միջանցքի հեռանկարը։
«Մենք ունենք պատրաստի նախագիծ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի անցկացման համար։ Հայաստանի տարածքում մեր մասնագետների ուսումնասիրության արդյունքում մենք տեղորոշել ենք այն կետերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրական կայաններ։ Հուսով ենք՝ հայկական կողմը նույնպես չի ձգձգի այդ հարցը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Վերջինս էլեկտրահաղորդման գծի անցկացումը կարևորել է նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստանի ատոմակայանի շուրջ քննարկումները։
«Ատոմակայանը հնացել է և այն ամբողջ տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում, որի առնչությամբ Ադրբեջանն ու Թուրքիան քանիցս իրենց մտահոգությունն են հայտնել։ Ատոմակայանի շահագործման ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանը ամբողջությմամբ կհայտնվի էներգետիկ ճգնաժամի մեջ: Այդ իսկ պատճառով այլընտրանքային աղբյուրի առկայությունը միայն օգուտ կբերի»,- ասել է Ալիևը։
Վերջինս հաղորդակցային ուղիների թեմայի համատեքստում անդրադարձել է ադրբեջանական երկաթուղու, այդ թվում՝ Նախիջևանի երկաթուղային ցանցի արդիականացման խնդիրներին, նշելով, որ Հայաստանի հետ սահմանի մոտ տարածքներում արդեն սկսվել են շինարարական աշխատանքներ։ Ալիևն այդ համատեքստում նաև ակնարկել է միջազգային ներդրումների ակնկալիքների մասին։
«Նախիջևանի երկաթուղիների արդիականացման համար հնարավոր է միջազգային կոնսոորցիումի ստեղծում, սակայն այն պայմանով, որ վերահսկիչ փաթեթը պատկանի Ադրբեջանին։ Կոնսորցիումը կարող է ներդրողներից բաղկացած լինել, որին Ադրբեջանը կողմ է, սակայն առանց նրանց մասնակության էլ մենք կարող ենք այդ ճանապարհը [երկաթուղային] կառուցել»,- հայտարարել է Ալիևը։
Թեև Նախիջևանի տարածքում գոյություն ունի երկաթուղային համակարգ, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի պնդմամբ, այն արդիականացնելու, ինչպես նաև Հայաստանին հարող տարածքներում նոր երկաթուղիների վերականգնման անհրաժեշտություն կա։ Ադրբեջանն ավելի վաղ հարցի շուրջ բանակցություններ է վարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակության հետ։