Յունուարի 22-23-ը, հովուական այցով Սպանիա ժամանեց Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ` Գերշ. Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը:
Բարսելոնայ քաղաքում Սրբազան Հայրը հանդիպում ունեցաւ տեղի եկեղեցական խորհրդի անդամների հետ` մասնակցութեամբ Հոգշ․ Տ․ Շնորհք աբեղայ Սարգսեանի: Հանդիպման ընթացքում քննարկուեցին Պարսելոնայի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու վերակազմակերպման հարցեր:
Նոյն օրը երեկոյեան Սրբազան Հայրը Տ․ Շնորհք Աբղ․ Սարգսեանի ընկերակցութեամբ այցելեց Մատրիտ:
Յաջորդ օրը Մատրիտում Գերշ. Տ. Խաժակ Արք․ Պարսամեանի ձեռամբ մատուցուեց Սուրբ Պատարագ, որին ներկայ էին, Իսպանիայում ՀՀ դեսպան` տիար Սօս Աւետիսեանն իր տիկնոջ հետ, ինչպէս նաեւ դեսպանատան ողջ անձնակազմը:
Սուրբ Պատարագի աւարտին կատարուեց նաեւ հոգեհանգստեան արարողութիւն` ի յիշատակ Արցախեան վերջին պատերազմում զոհուած մեր հերոս մարտիկների:
Իր այցի շրջանակներում, Սրբազան Հայրը մասնակցեց նաեւ միջեկեղեցական արարԸղութեան իսպանական կաթոլիկ եկեղեցում` «Քրիստոնեաների միասնութեան շաբաթ»-ի առիթով:
Այնուհետեւ Սրբազան Հոր նախագահութեամբ տեղի ունեցաւ եկեղեցական-համայնքային ժողով, որին մասնակցում էին Սպանիայի տարբեր վայրերից ժամանած Հայ Առաքելական Եկեղեցու համայնքների աջակից ներկայացուցիչներ:
Ժողովի ընթացքում ներկայացուեց Տ․ Խաժակ Արք․ Պարսամեանի, Տ․ Շնորհք Սարգսեանի եւ փաստաբան Լեւոն Գրիգորեանի կողմից կազմուած ծրագրի նախագիծ` Իսպանիայի Հայաստանեայց Եկեղեցին լաւագոյն կերպով վերակազմաւորելու եւ օրինական ու կանոնական դիրքերի վրայ արձանագրելու համար: Վերջնական նպատակն է ապագայում հիմնել Իսպանիայի Հայաստանեայց Եկեղեցու թեմ: Ժողովի մասնակիցներին առիթ ընծայուեց մտքեր փոխանակել ներկայացուած ծրագրի շուրջ: Այնուհետ, շատ ջերմ մթնոլորտում զրոյցը շարունակուեց հիւրասիրութեան ժամանակ:
