«Արեւելք»-ի աղբյուրների տեղեկացմամբ, Գերմանիայում 2024-ի հուլիսից անհետ կորած եւ շաբաթներ առաջ մահացած գտնված հայ բժիշկ Գրիգոր Աշնագլյանի համար հոգեհանգստյան պաշտոն է կատարվելու Հալեպում, մայիսի 25-ին։ Արարողությունը տեղի է ունենալու Հայ կաթողիկե «Սուրբ Երրորդություն» եկեղեցում, որից հետո Գրիգոր Աշնագլյանի հարազատները ցավակցություններ են ընդունելու եկեղեցու ակումբի սրահում։
Հիշեցնենք, որ Սիրիայից Գերմանիա տեղափոխված հայ բժիշկ Գրիգոր Աշնագլյանն անհետացել էր չպարզված հանգամանքներում․ ոստիկանությունն ու հարազատներն ամիսներ շարունակ փնտրել են նրան, եւ այս տարվա ապրիլի 5-ին Լայպցիգի շրջանում գտնվել է դին, որի վրա, ըստ պատկան մարմինների, բռնության եւ ոճրագործության հետքեր չեն հայտնաբերվել։ Երիտասարդն անհետացումից ութ ամիս առաջ էր տեղափոխվել Գերմանիա, որտեղ խորացնում էր իր մասնագիտական գիտելիքները։
Հաղորդվում է, որ 25-ամյա բժիշկը գործընկերների շրջանում ճանաչված էր որպես աշխատասեր, խելացի եւ ազնիվ մարդ։