image

Եռաբլուրում Գուրգեն Յանիկյանին նվիրված արարողություն տեղի կունենա

Եռաբլուրում Գուրգեն Յանիկյանին նվիրված արարողություն տեղի կունենա

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) կնքահոր՝ Գուրգեն Յանիկյանի գործողության 50-ամյակին ընդառաջ, «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը տարին հայտարարել է Յանիկյանական ու նախաձեռնել «Նպատակ եւ ճշմարտություն» խորագրով միջոցառումների շարք։ Այն մեկնարկել է մարտի 4-ին՝ «Գուրգեն Յանիկյան եւ ԱՍԱԼԱ» գիտաժողովով ու կամբողջանա տարվա ընթացքում կայանալիք մշակութային, գիտական, հրատարակչական  եւ այլ բնույթի միջոցառումներով։ Մարտի 27-ին, ժամը 12։00-ին «Եռաբլուր» պանթեոնում տեղի կունենա հիշատակի ու խնկարկման արարողություն։ 

 

Հայ նորագույն պատմության ուղղությունը որոշողներից էր մեծ հաջողությունների հասած ճարտարագետ, գիտնական, գյուտարար, գրող Գուրգեն Յանիկյանը։

Կարինցի հայը դեռ երեխա էր, երբ տեսավ ու ապրեց իր ազգի մեծագույն ցավը՝ Հայոց ցեղասպանությունն ու ի թիվս այլ ազգակիցների՝ նաեւ ավագ եղբոր գլխատումն ու մոր՝ խելագարության շեմին հասնելը։

Չէր մոռացել, հանգիստ չէր առել ողջ կյանքում... Հնարավոր բոլոր խաղաղ միջոցներով հայության ցեղասպանությունն իրականացնողների պատժին հասնելուն եւ հայրենակիցների վրեժը լուծելուն էր ձգտել, բայց իրականությունը այլ որոշում ու գործ էր պարտադրել...

Չէր վարանել այդուհետ եւ 1973-ի հունվարի 27-ին՝ 78 տարեկանում, հաստատակամորեն 13 փամփուշտ էր արձակել Սանտա Բարբարայում Թուրքիայի հյուպատոսի ու փոխհյուպատոսի վրա...

Հետեւած աղմկոտ դատավարությամբ Յանիկյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման, ծերության պատճառով 8 տարի անց ազատ արձակվեց ու 1984-ին բռնեց հավերժի ուղին։ Նրա աճյունասափորը հայրենիքում՝ «Եռաբլուր» պանթեոնում վերջնական հանգրվան գտավ 2019-ի մայիսի 5-ին։