image

Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար. Արայիկ Հարությունյան

Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են տարածաշրջանին առնչվող հիմնախնդիրները՝ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խոսել է ձեռնարկվող քայլերից: «Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար՝ չընդհատելով անկախ պետականաշինության գործընթացը»,- նշել է Նախագահը՝մանրամասնելով Արցախի ապագային առնչվող ռիսկերը, տեսլականն ու ռազմավարությունը: «44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ: Խաղաղապահները ներգրավված են շփման գծում ծագող խնդիրների լուծմանը: Ակնկալելով նրանց թվաքանակի ավելացում՝ մենք զուգահեռաբար բարելավում ենք անվտանգության սեփական մեխանիզմները»,- նշել է Ա. Հարությունյանը: Քննարկվել են նաև ստեղծված պայմաններում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը, գիտակրթական ոլորտում և հանրային կյանքում եղած խնդիրներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: