Մայիսի 7-ին եւ 8-ին, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» ծրագրի շրջանակներում Մարտունի և Ստեփանակերտ քաղաքներում կայացել է սաղիմահայ երգահան և երգիչ Ափօ Սահակեանի համերգները:
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը ապրիլին հայտարարեց «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռության մասին. նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Սփյուռքի հայտնի ու խոստումնալից հայ գործիչները պիտի այցելեն Արցախ ու հանրային ելույթներ ունենան այնտեղ:
Սահակեանի համերգները կազմակերպվել էին Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի, gg ընկերության, Պոլ Էլուարտ հիմնադրամի եւ «ԿԻՆԻ Ստեփանակերտ» ռեստորանի հետ համագործակցաբար:
««Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռնության նպատակն է ներգրավել և մոտիվացնել տեղի բնակչությանը և օգնել բարձրացնել Արցախի հեղինակությունը Հայաստանում և միջազգային մակարդակում», - բացատրեց Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հասարակական կապերի տնօրեն Ռուբէն Ճանպազեանը: «Այցելությունները կներառեն ոչ միայն հանրային ելույթներ, այլ նաև կլոր սեղան-քննարկումներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, թրեյնինգներ, եւ այլն, ըստ այցելուի»,- հավելեց Ճանպազեանը:
Մայիսի 7-ի համերգը կայացավ Մարտունիի մշակութային պալատում, ուր շուրջ 125 երիտասարդ հանդիսատեսներ մասնակցեցին միջոցառմանը: Ստեփանակերտի համերգին, որը տեղի ունեցավ քաղաքի նորակառույց Պոլ Էլյուարի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում, ներկա էին շուրջ 200 հանդիսատեսներ. ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, բազմաթիվ հյուրեր ու մայրաքաղաքի մշակութասեր հանրությունը:
«Երգիչը սպասված ու սիրված էր հանդիսատեսի կողմից և ընդհանրապես պետք է նշեմ, որ Արցախում այս օրերին Սփյուռքից եկած յուրաքանչյուր հայի գալուստը ընդունվում է ոգևորությամբ: Արցախը կարիք ունի ակտիվ շփումների ու համագործակցության՝ լինի դա մշակույթի, գրականության, գիտության, թե մեկ այլ ոլորտում»,- ասաց Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակը տնօրեն Հերմինե Ավագյանը:
«Այս առումով կարևոր էր «Եկ աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռնության մեկնարկը, և Համազգայինի Արցախի գրասենյակը, մշտապես լինելով Արցախում մշակութային ու կրթական կյանքի աշխուժացման ջատագովը, չէր կարող անմասն մնալ այս գեղեցիկ ու պահանջված նախաձեռնության ի կատար ածելուց»,- հավելեց Ավագյանը:
Երկու համերգներին էլ հիմնականում մասնակցում էին Արցախի երիտասարդները, ինչն ամենաշատը ողջունվեց Սահակեանի և նրա խմբի կողմից: «Երիտասարդները ոչ միայն Արցախի ապագան են, այլեւ ներկան։ Թեև Արցախի համար դժվար ժամանակներ են, սակայն նրանց ոգևորությունն ու էներգիան տեսնելը անչափ ոգևորիչ էր»,- մեկնաբանեց Սահակեանը:
Ափօն և իր նուագախումբը անակնկալ կանգ առան Աղավնո (Արիավան) գյուղում, որտեղ նրանք հանպատրաստից համերգով հանդես եկան գյուղի պատանիների ու երիտասարդների համար:
Ափօ Սահակեանը ծնվել և մեծացել է Երուսաղեմի հայկական թաղամասում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքում: Նա կիթառ նվագել սովորել է տեղի հայկական դպրոց հաճախելիս, իսկ 13 տարեկանում սկսել է ստեղծագործել: 2013 թվականին նա հիմնեց իր սեփական արաբական փոփ-ռոք խումբը՝ Apo & the Apostles: Խումբը ունեցել է մի շարք տեղական և տարածաշրջանային հիթեր:
Ափօն հայտնի է նաև հայկական ժողովրդական երգերի իր մենակաբանություններով. նա համագործակցել է հայ երգիչների հետ (Արթուր Խաչենց, Անի Խառատյան) ու նրա մեկնաբանությունների ու ստեղծագործությունների շնորհիվ՝ նվիրյալ հետևորդներ է ձեռք բերել Հայաստանում և Սփյուռքում:
Ապրիլի 1-ին լույս է տեսել նրա «Մենք» ալբոմը՝ հայկական ժողովրդական և հեղինակային երգերի հավաքածոն:
«Իր գաղափարախոսության հիմքում ունենալով և մշտապես պահելով հայրենիքի զարգացման հեռանկարը՝ gg թիմը անչափ կարևորում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է միջոցառումների, նախագծերի ապակենտրոնացմանը դեպի սահմանամերձ շրջաններ՝ հատկապես Սյունիք և Արցախ՝ այդպիսով ապահովելով նաև բնակչության շարժը դեպի շրջաններ և դրանց ակտիվության բարձրացմանը, որը մեր օրերում կենսական կարևորություն ունի»,- ասեց gg-ի գործառնությունների տնօրեն Հայկազ Աղայանը:
Ըստ Աղայանի, աջակցելով և ակտիվորեն մասնակցելով միջոցառումներին, ինչպիսին Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի նախաձեռնած միջոցառումների շարքն է՝ ներդրում ենք ունենում դեպի մեր հայրենիքի վաղվա օրը. «Բոլորս ներդրում ենք ունենում դեպի ստեղծվելիք ապագան, որտեղ սահմանամերձ շրջանների զարգմացման կարևորությունն էլ ավելի ընդգծված է, իսկ բոլորիս ընդհանուր նպատակը՝ գիտակցված.» հավելեց Աղայանը:
Ըստ Ռուբէն Ճանպազեանի «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռնությունը շարունակական կլինի: «Նման այցելություններ հաճախ են լինելու. այսպիսով, մենք կփորձենք ժողովրդին, թե՛ ուժ տալ, թե՛ ցույց տալ Արցախից դուրս ապրող մեր հայրենակիցներին, որ Արցախի դռները բաց են ու Արցախի ժոովուրդը պատրաստ է ընդունելու նրանց»: