ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը Վաշինգտոնում քննարկել են «Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնությունը, որի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային տնտեսական կապերը և ԱՄՆ-ի ներկայությունը «Միջին միջանցքում»։ Տեղեկատվությունը հայտնում է ԱՄՆ-ադրբեջանական առևտրային պալատը (United States-Azerbaijan Chamber of Commerce-USACC), որն էլ կազմակերպել է այս քննարկումը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ բանագնաց Վինայ Չավլան հանդիպմանը հայտարարել է, որ օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագիրը պատմական բեկում է, իսկ TRIPP նախագիծը կծառայի որպես այդ խաղաղության տնտեսական երաշխիք։
Դեսպան Մկրտչյանը բարձր է գնահատել ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությունը՝ նշելով, որ քննարկումները վերածվում են զարգացման կոնկրետ ծրագրերի։ Քննարկումների առանցքում է եղել նաև ամերիկյան ֆինանսական կառույցների, այդ թվում՝ DFC-ի դերը նախագծերի ֆինանսավորման և ներդրումային ռիսկերի նվազեցման գործում։
Մասնավոր հատվածից Google, Bechtel և Tetra Tech ընկերությունները հաստատել են իրենց հետաքրքրությունը տարածաշրջանային նոր ներդրումային հնարավորությունների նկատմամբ։
Այս հանդիպման մասին դեռևս տեղեկություն չեն հայտնել Հայաստանի ԱԳՆ-ից և ԱՄն-ում Հայաստանի դեսպանատնից։