Ատրպէյճանի «միջանցք` միջանցքի դիմաց» մօտեցումը լուրջ մարտահրաւէրներով յղի է Ռուսաստանի եւ Երոպայի համար, եւ այդ անընդունելի է Արցախի Հանրապետութեան համար։ Այս մասին ըսաւ Արցախի արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեանը։
«Ատէյճրպանի դիրքորոշումը կանխատեսելի է: Մենք սպասում էինք այսպիսի մօտեցման, քանի որ այլ բան սպասել հնարաւոր չէ: Ատրպէյճանը նման գործողութիւններով փորձում է ամբողջութեամբ խեղդել Արցախը: Բայց հարցը միայն Արցախում չէ. աւելի գլոբալ խաղ է գնում։ Բնականաբար` Թուրքիայի մասնակցութեամբ։ Ի՞նչ է նշանակում անխոչընդոտ հաղորդակցութիւն Թուրքիայի եւ Ատրպէյճանի միջեւ միջազգայնօրէն ճանաչուած Հայաստանի տարածքով։ Դա ինքնիշխանութեան կորուստ է տարածքների որոշակի գծերի նկատմամբ։ Այսօր մի «միջանցք» կը լինի, վաղը՝ միւսը։ Չէ՞ որ Մեղրի էլ չեն ասում, ասում են Զանգեզուրի։ Զանգեզուրում կարող է լինել մի քանի «միջանցք»: Արդէն յայտնուել է «միջանցքի» առնուազն երկու յիշատակում` երկաթգիծ Մեղրիով եւ ավտոճանապարհ Սիսիանով։ Այսպիսով, ի՞նչ է փորձում անել Ատրպէյճանը։ Նախ՝ ամբողջութեամբ մասնատել Հայաստանը։ Ստացւում է, որ Հայաստանը կորցնում է վերահսկողութիւնն իր տարածքի մօտ մէկ երրորդի նկատմամբ։ Դա նշանակում է, որ Հայաստանը «պոկւում» է Իրանից։ Սիւնիքն ամբողջութեամբ շրջափակուած է՝ լրիւ անկլավային դիրքում Ատրպէյճանի եւ Թուրքիայի կողմից, քանի որ իրականում սահման չի ունենայ Հայաստանի հետ, քանի որ եթէ ատրպէյճանցիներն ու թուրքերն «անարգել անցնում են», վաղն այնտեղ զօրքեր կը մտցուեն՝ «ազատ անցում» ապահովելու համար, նախ` բեռների եւ ապրանքների, վաղը` զինտեխնիկայի, բանակի եւ այլնի։
Դա ամբողջությամբ կը փոխի իրավիճակը տարածաշրջանում։ Սա իրականում Էրտողանի «ճանապարհային քարտէզն է», որը նրա կողմից հնչեցուեց «Գորշ գայլեր» կազմակերպութեան ներկայացուցչի հետ միասին։ Լաչինի միջանցքի վրա Ատրպէյճանի կողմից ցանկացած վերահսկողութեան սահմանում Ղարաբաղին խեղդել կը նշանակի: Հետեւանքը կը լինի ցեղասպանութիւնն ու բնակչութեան տեղահանութիւնը։ Երկու ելք կը մնայ. կամ նորից պատերազմ կը ինի, կամ Արցախում ոչ մի հայ չի մնայ: Սրանք այն գործընթացներն են, որոնք Ատրպէյճանը եւ Թուրքիան փորձում են իրականացնել հաղորդակցութիւնների ապաշրջափակման գաղափարի համատեքստում, ինչ որ բնականաբար չի կարող ընդունուել։
Յուսով ենք, որ նման գործողութիւնները համարժէք գնահատական կը ստանան միջազգային հանրութեան կողմից։ Այդ գործողութիւններն ուղղուած են նաեւ այլ երկրների՝ Ռուսաստանի եւ խաղաղապահ առաքելութեան, ռուսական պետութեան ամբողջականութեան դէմ։ Ժամանակի ընթացքում այդ սպառնալիքը կը շրջուի Եւրոպայի դէմ։ Ուստի պէտք է հանգիստ մօտենալ տեղի ունեցողին, խուճապի չմատնուել, կանխել Ատրպէյճանի սադրանքները։ Չեմ կարծում, որ Ատրպէյճանի նման արկածախնդրութիւնները կարող են ընդունելի լինել համաշխարհային եւ տարածաշրջանային առաջատար տէրութիւնների կողմից։ Մենք ի սկզբանէ յայտարարում ենք, թէ ինչով է յղի նման մօտեցումը, եւ մեզ համար դա անընդունելի է», ընդգծեց Դաւիթ Բաբայանը։