44-օրեայ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ յանձնաժողովի զեկոյցը պիտի ներկայացուի սեպտեմբեր 27-ին հետեւող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը. այս մասին ԱԺ-ի մէջ լրագրողներու հետ զրոյցին ըսած է ՔՊ-ական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանը:
«Ես կասեմ օրը, դա կը լինի սեպտեմբերի 27-ին հետեւող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը: Դա նշանակում է, որ աշնանային նստաշրջանը, որը կը սկսուի սեպտեմբերի 27-ը քանի որ շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կը սկսուի լիագումար նիստը, կամ 30-ին, կամ դրա յաջորդ օրը լիագումար նիստում, Ազգային ժողովի նախագահը կը ներառի հարցը խորհրդի նիստում եւ օրը վերջնական կ՚որոշուի: Ես կարծում եմ, որ օրը շատ կարեւոր է հենց այդ օրը ներկայացուի եւ այդ օրը կը ներկայացուի լիագումար նիստի ընթացքում»,-ըսած է ան:
Քոչարեանը նշած է, որ ճիշդ է, սեպտեմբեր 27-էն ետք այդ խորհրդանշական օրը պիտի ներկայացուի: «Համ էլ ընդհանրապէս կրքերը շատ հանգստացած կը լինեն՝ բոլոր առումներով, քաղաքական, եւ կարծում եմ, որ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասուած է, որի ուղղութեամբ կատարուած է մեծ ծաւալի աշխատանք: Այդ աշխատանքը պէտք է անհետեւանք չմնայ, կը ներկայացուի, մենք որեւէ օրէնք չենք խախտել, չենք խախտելու եւ դրանից յետոյ կարծում եմ՝ զեկոյցը կը լինի գաղտնի բաժնում, գաղտնիութեան ծաւալը այնքան մեծ է, որ համոզուած եմ, որ նիստը կը լինի փակ: Զեկոյցը հասանելի կը լինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որպէսզի ամէն մէկը զեկոյցից բխող եզրակացութիւնների հետ կապուած գան եզրահանգումների յանգեն»,-ըսած է ան: