image
Հրատապ լուրեր:

Թուրքիային առնչվող Wikileaks-ի վերջին գաղտնազերծումների մեջ տեղ է գտել Վարդգես Եղիայանի անունը

Թուրքիային առնչվող Wikileaks-ի  վերջին գաղտնազերծումների մեջ տեղ է գտել Վարդգես Եղիայանի անունը

Թուրքիայում հուլիսի 15-16-ը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո պետական և մասնավոր գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպությունը՝  Wikileaks-ը, ի պատասխան Թուրքիայում զանգվածային ձերբակալությունների, հրապարակել է Թուրքիայի իշխող քաղաքական ուժին պատկանող հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր՝ մոտ 300 հազար էլեկտրոնային նամակ, որոնցից ամենահինը թվագրվում է 2010 թվականին, իսկ վերջինը՝ 2016 թվականի հուլիսի 6-ին: Նամակները ստացվել են հեղաշրջման փորձից 1 շաբաթ առաջ և հրապարակվել անմիջապես ռազմական իրադարձություններից հետո:  Թուրքիայի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել փաստաթղթերի հրապարակումը և դրանց առնչվող մեկնաբանությունները:  Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հասցեից ուղարկված նամակների մեջ մեծաթիվ թղթապանակներ կան, որոնք առնչվում են հայությանն ու Հայաստանին: Բացահայտված փաստաթղթերի մեջ նշվում է, որ թուրքական լոբբինգը համապատասխան պատրաստվածություն չի ունեցել հակառակորդի ազգային կառույցների իրականացրած գործողությունների դիմաց: Փաստաթղթերի մեջ տեղ է գտել ԱՄՆ բնակվող հայ փաստաբան Վարդգես Եղիայանի անունը: Նշվում է նաև, որ հատկապես հասարակության հետ կապերի բնագավառում օտար, հակառակորդ լոբբիստական ուժերի իրականացրած գործունեությունը` օտար լեզուներով հրատարակված բազմաթիվ պատմական գրքեր, ուսումնասիրություններ, աշխատություններ, վեպեր, պատմվածքներ, թեմատիկ ֆիլմեր, փաստավավերագրական աշխատությունների ասպարեզում Թուրքիայի և թուրքական աշխարհի դեմ ապատեղեկատվական նախաձեռնություններ, ծայրաստիճան հաջողություններ են գրանցել: Ըստ Wikileaks-ի գազտնազերծումների,  հակառակորդ համարվող օտար էթնիկ ենթակառույցների մեջ առաջին տեղում է հայկական սփյուռքը, որի թե՛ հասարակության հետ հարաբերություններում եւ թե՛ դրան զուգահեռ այլ բնագավառներում ծավալած գործունեությունը բավականին մեծ տարածություն է կտրել: Այդ ամենի մեջ առաջինն առանձնացվում է հայկական սփյուռքի կողմից սկսած և հաջողությամբ շարունակվող Հայոց ցեղասպանության ժամանակ ապահովագրվածների փոխհատուցումների վճարման նախաձեռնությունը:

2004թ.-ին ամերիկյան New York Life ընկերությունից հայերի ստացած 20 միլիոն դոլարով առաջին պտուղները տված գործընթացը շարունակվեց 2007 թ.-ին՝ թուրքական OYAK  և ֆրանսական AXA ընկերություններից վերցված 14.4 միլիոն ֆրանկով և վերջում 2009 թվականին Սաբանջըներին պատկանող AVIVASA-ի գործընկերը հանդիսացող անգլիական AVIVA ընկերության դեմ 10.000 հայ դատական հայց ներկայացրին: Սաբանջըների և հետևաբար Թուրքիայի ազգային հարստությունից ևս 40 միլիոն դոլար վերցնելուն նպատակադրված հայկական խմբերը նպատակ ունեն շարունակելու գործընթացը Օսմանյան ժամանակաշրջանում հայերին ապահովագրական կտրոններ վաճառած շուրջ 28  օտարերկրյա ապահովագրական ընկերությունների հետ: Հայերի այս ծրագրերը ինչպես նշում է Wikileaks-ը, հենվելով թուրքական նամակագրության վրա,  New York Life ապահովագրական ընկերության և  AXA/OYAK նախաձեռնության ճարտարապետ դոկտոր Վարդգես Եղիայանի  կողմից է շրջանառության մեջ դրվել: Աղբյուրն ավելացնում է, որ այդ առումով 2011 թվականին նոր նախաձեռնություններ են եղել: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի ֆեդերալ դատարանում հայերը նոր դատեր են բացել.

 

1-Ամերիկացիների կողմից գործարկվող Ինջիրլիք ռազմաբազայի տարածքը դրա սեփականատերը հանդիսացող 3 հայի վերադարձնել կամ էլ որպես փոխհատուցում վճարել 100 միլիոն դոլար:

 

2- Զիրաաթ գյուղատնտեսական  բանկի և Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական Բանկի դեմ բացված դատերն ու 1915 թվականից առաջ հայերի ավանդների վերադարձը: Վերոնշյալ բանկերի  2011 թվականի սեպտեմբեր 19-ին իրականացրած պաշտպանությունը ի վերջո 2011 թվականի դեկտեմբեր 19-ին դատարանի կողմից քննության տակ է առնվել, և եթե դատարանի որոշումը կայացվի Թուրքիայի դեմ, ապա վերոնշյալ բանկերի՝ ԱՄՆ-ում գտնվող ունեցվածքը բռնագրավվելու  և որպես փոխհատուցում տրվելու է հայերին:

 

3-Եւ վերջում. Հայերը աչք են դրել նաեւ Չանքայայի նախագահական նստավայրին: Նախկինում Գասպարյան ընտանիքին պատկանող այս գույքը նույնպես կարող է դատարանում դատի առարկա դառնալ,  սա հիմիկվանից կարող ենք ասել: Թուրքիան ծրագրի դիտողի կարգավիճակում է հայտնվել և այս զարգացումները ապագայում միջազգային դատարաններում Թուրքիայի դեմ կարող են վերածվել իրավական գործընթացի, որը Թուրքիան հիմա չի կարևորում և սրա հետ կապված ո՛չ պլան  A,  ո՛չ էլ պլան B ունի:  Հայերը գոնե համաշխարհային հանրության առջև և օրինակ  UNESCO-ի պես կազմակերպությունների շրջանակում մեծ հաջողություններ են արձանագրել: Սրանք հողային, գույքի փոխհատուցման և Թուրքիայում հին հայկական շինությունների հարցերն են: Այս խնդիրների շուրջ էլ Թուրքիան ոչ մի ծրագիր չունի: Օրինակ UNESCO-ն, հայկական նախաձեռնություններից հետո 1976 թվականի Ազգային փոքրամասնությունների մասին զեկույցի 32-րդ հոդվածի շրջանակներում հայտարարել է Թուրքիայի` ազգային փոքրամասնությունների իրավունքների որոշ ոտնահարումների մասին:   Շատերը ցանկանում են, որ UNESCO-ն որպես պատմական կառույցները պահպանող կազմակերպություն, Թուրքիայում գտնվող պատմական կառույցները իր հսկողության տակ առնի: Սակայն որպեսզի UNESCO-ն կարողանա իր հսկողության տակ առնել, պետք է հրավեր ստանա այն երկրից, որտեղ գտնվում են տվյալ պատմական շինությունները: Սակայն մեր որոշ մասնագետներ նշում են, որ այս հարցում պետք է ուշադիր լինել: Թուրքիայի արևելքում գտնվող հայկական պատմական հուշարձանները ուզում ենք տեսնել ավելի պաշտպանված, սակայն դրան ուղղված գործողությունները կարող են մնացած հուշարձաններն էլ վտանգի տակ դնել և արագացնել դրանց կործանման գործընթացը, եթե թուրքերին ճնշման ենթարկենք: Այսինքն, այլ կերպ ասած, UNESCO-ի զեկույցում ասվում է, որ  այս խնդրի շուրջ Թուրքիային զգուշացնելը վտանգավոր է, քանի որ դրա հետևանքով կարող է ազգը ավելի ագրեսիվ դառնալ և հակառակվելով զգուշացումներին մնացած մի քանի հուշարձաններն էլ գետնին հավասարեցնել:

Ըստ Wikileaks-ի մեկնաբանությունների,  Թուրքիան հայկական նախաձեռնությունները մանրամասն չի ուսումնասիրում և այս իրադարձություններին  հավուր պատշաճի չի պատրաստվում, քանի դեռ դրանք չեն վերածվել «բռնոցիի»: 

 

Պատրաստեց՝ «Արևելքը»