image

Թաթուլ Հակոբյան. Հայաստանում արևմտահայերենով դպրոց բացելու անհրաժեշտությունը

Թաթուլ Հակոբյան. Հայաստանում արևմտահայերենով դպրոց բացելու անհրաժեշտությունը

Հայոց ցեղասպանության պատճառով հայ ժողովուրդը կորցրեց մեկուկես միլիոն մարդ, հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագույն մասն ու երեքհազարամյա քաղաքակրթություն: Արևմտահայ լեզուն շարունակեց ապրել այն վայրերում, որտեղ հաստատվեցին Ցեղասպանությունից մազապուրծ հայերը: Հալեպում, Բեյրութում, Կահիրեում ու բազմաթիվ այլ քաղաքներում ու գյուղերում հայրենազուրկ հայությունը կառուցեց դպրոցներ ու եկեղեցիներ, հրատարակեց թերթեր ու գրքեր: Եթե 1920-ական թթ. սկզբներին խորհրդայնացված Հայաստանում անցում կատարվեց աբեղյանական ուղղագրության, ապա Սփյուռքում պահպանվեց մեսրոպյան ուղղագրությունը, իսկ հայկական դպրոցներում ուսումը շարունակվեց արևմտահայերենով:

Վերջին տասնամյակներում արևմտահայերենը նահանջ է ապրել Սփյուռքի գրեթե բոլոր գաղթօջախներում, անգամ Սիրիայում ու Լիբանանում: Շատերը սա համարում են բնական՝ պնդելով, որ երկարաժամկետ առումով մայրենի լեզուն, գիրն ու գրականությունը, ավանդույթներն ու սովորույթները հնարավոր է պահպանել միայն անկախ պետականություն կամ պետականության որոշակի մակարդակ (օրինակ՝ Խորհրդային Հայաստանը) ունենալու դեպքում:

2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն արևմտահայերենը դասեց աշխարհի վտանգված լեզուների շարքում: Հատկապես վերջին շրջանում Սփյուռքի հայկական կազմակերպությունները, որոնք տասնամյակներ եղել են արևմտահայերենի պահպանության ու զարգացման ջահակիրները, իրենց գրագրություններում և այլ գործառնություններում սկսել են անցնել երկլեզվությանը՝ ավելի ու ավելի շատ հակվելով այն լեզվին, որը իրենց պետության մեջ համարվում է պաշտոնական: Սփյուռքում հայկական դպրոցներ հաճախող երեխաների թիվը կտրուկ անկում է ապրում:

Լեզուն ազգի պահպանության հիմնական, միակ միջոցն է: Դու անգամ կարող ես դավանել այլ կրոն, բայց շարունակում ես հայ մնալ, քանի դեռ խոսում ես հայերեն:

Արևմտահայերենի պահպանության ու զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել առաջին հերթին Սիրիայի ու Լիբանանի հայ համայնքները: Հալեպը և Բեյրութը եղել են հայ գրատպության կարևորագույն կենտրոններ: Այսօր Մերձավոր Արևելքը ցնցումների մեջ է, քրիստոնյաները, այդ թվում՝ հայերը, զանգվածաբար հեռանում են: Եվրոպա ու Ամերիկա տեղափոխված հայության երկրորդ, երրորդ սերունդները մոռանում են հայերենը:

Ունենք Հայաստան: Այո, այդ հանրապետությունը ունի բազմաթիվ դժվարություններ, դիմակայում է մարտահրավերների, երկրում կան անարդարություններ ու անհավասարության վիհ, երկրի  իշխանական վերնախավը կենտրոնացած է իր համար հարստություն դիզելով՝ փոխանակ արտագաղթի առաջն առնելու:

Հայաստանում տեսանելի արտագաղթի կողքին կա նաև ներգաղթ, ճիշտ է՝ շատ փոքր ծավալներով, գուցե՝ պարտադրված ներգաղթ: Երբ տասը տարի առաջ Իրաքն ընկավ ցնցումների, պատերազմի ու ահաբեկչությունների մեջ, իրաքահայության մի հատված եկավ Հայաստան: Սակայն կարճ ժամանակ անց նրանց մեծագույն մասը հեռացավ:

Այսօր Սիրիան է հայտնվել ցնցումների, պատերազմի ու ահաբեկչությունների մեջ: Սիրիահայերի մի հատված ապաստան է գտել հայրենիքում, սակայն եթե չձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ, ապա նրանք ևս, կամ նրանց մեծ մասը, արտագաղթելու է:

Հայաստանը այսօր ի վիճակի չէ իդեալական պայմաններ ապահովել սիրիահայերի և ընդհանրապես այն սփյուռքահայերի համար, ովքեր կցանկանային ներգաղթել: Սակայն Հայաստանը կարող է ստեղծել պայմաններ, որոնց առկայության դեպքում միայն սիրիահայերը կամ նրանց մի հատվածը վստահաբար կհաստատվի Հայաստանում կամ Արցախում:

Յուրաքանչյուր սփյուռքահայ ընտանիքի համար, որը Հայոց ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո օտար վայրերում իր հայ ինքնությունը տասնամյակներ պահպանել է լեզվի շնորհիվ, շատ կարևոր է իր երեխաներին ուսման տալ այնպիսի դպրոցում, որտեղ դասավանդվում է արևմտահայերենը՝ մեսրոպյան ուղղագրությամբ:

Հայաստանի իշխանությունները մի քանի տարի առաջ հանդգնություն ունեցան կանաչ լույս վառել օտարալեզու դպրոցներ բացելու ճանապարհին: Ի՞նչն է խանգարում, որպեսզի այսօր բացվեն մի քանի դպրոցներ, որտեղ ուսուցումը առաջինից մինչև վերջին դասարան կլինի արևմտահայերենով՝ մեսրոպյան ուղղագրությամբ: Դրա պահանջը այսօր կա Հայաստանում: Ավելին, նման դպրոցների բացումը կարող է ճանապարհ բացել այն սփյուռքահայ ընտանիքների համար, ովքեր իրենց ապագան պատկերացնում են Հայաստանում:

Այսօր ժամանակն է նաև, որպեսզի Հայաստանում տպագրվի օրաթերթ արևմտահայերենով ու դասական ուղղագրությամբ: Հայաստանում կան բազմաթիվ համալսարաններ, որտեղ ուսուցման լեզուն արևելահայերենն է: Ի՞նչու չունենալ մի համալսարան ու կից հայագիտական կենտրոն, որտեղ ուսուցումը կլինի արևմտահայերենով ու մեսրոպյան ուղղագրությամբ:

Սրանք քայլեր են, որոնք կարող են խթանել սփյուռքահայերի ներգաղթը, ավելի առարկայական հիմքերի վրա դնել Հայաստան-Սփյուռք կապերը, ինչպես նաև՝ ջանքեր թափել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի վտանգված լեզուների շարքին դասված արևմտահայերենի կյանքը երկարացնելու ու փրկելու ուղղությամբ:

Հասկանալի է, որ արևմտահայերենի պահպանության ու զարգացման իդեալական ու բնական վայրն Արևմտյան Հայաստանն է, որը, ցավալիորեն, մենք կորցրել ենք:


Թաթուլ Հակոբյան/ԱՆԻ կենտրոն


Լուսանկարում՝ Հրանուշ Հակոբյանի այցը Երեւանի Կիլիկիա արեւմտահայկական վարժարան, որն այսօր չի գործում