image
Հրատապ լուրեր:

Սիրիահայը՝ Երեւանում հիմնած բիզնեսի մասին. Լուսանկար

Սիրիահայը՝ Երեւանում հիմնած բիզնեսի մասին. Լուսանկար

Այն օրը, երբ 32-ամյա Ավո Լախոյանը որոշել է հաստատվել Հայաստանում, հիմնել է օրգանական հումուս արտադրող «Կանաչ սնունդ» ընկերությունը։

Ավոն սիրիահայ է ու մի քանի անգամ Հայաստան գնալ-գալուց հետո է որոշել հաստատվել հայրենիքում։ «Հայաստանով մոլի ենք դառել հենց Սիրիայում, հոգեպես պատրաստ ես, լավ լինի, վատ լինի, քոնն ա, էդ հոգեբանությամբ ենք մեծացել», - ասում է նա: Առաջին անգամ Հայաստան 2014-ին է եկել՝ մեղրամսի։ Այնուհետ կինն է եկել ու այստեղ է ծնվել նրանց որդին։ Ու թեպետ նախապես որոշել էին, որ կինը պիտի վերադառնար, վերջում՝ Ավոն է եկել Երեւան, իսկ մինչ այդ ամեն այցի ընթացքում ուսումնասիրել է շուկան ու ընտանեկան փոքրիկ բիզնես սկսելու գաղափարի վրա կանգ առել։

Այսօր նրանց գործում ներդրվող ամեն լումա վաղվա վաճառքները շատացնելու համար են՝ ասում է սիրիահայ ձեռներեցը: «Փող աշխատելու շատ ձև կա, բայց ճիշտը որ դու հանգիստ աշխատես, հանգիստ քնես ու էդ փողը ավելի անուշ կծախսես: Հալեպում փողի խնդիր չկա, եթե ճիշտ տեսնում ես շուկան, աշխատող ես, ուրեմն փողի տեղ կա՝ դու ես ընտրում շուկայական անիվի դարձվածքը, կարաս նույնիսկ Աֆրիկայում գործ գտնես»,- հավելում է Ավոն, որ նախընտրել է իր ապրուստը վաստակել Հայաստանում։

 


 

Ներկայումս նրանք օրական արտադրում են 50 կիլոգրամ հումուս, փաթեթավորում ու առաքում են Երեւանի ավելի քան 120 մեծ ու փոքր խանութներ։ Արդեն մի քանի ամիս Ավոն արտադրանքն առաքում է մոփեդով, որ ձեռք է բերել ՀՕՖ-ի «Աջակցություն սիրիահայեր գործարարներին» ծրագրի շրջանակներում: «Մոփեդը շատ հարմար է քաղաքի մեջ հաճախորդին հասնելու համար։ Մեծ մեքենան, մանավանդ ցերեկը, հարմար չի, տեղ չկա կայանելու, իսկ մոփեդով արագ-արագ բաժանում եմ», - բացատրում է երիտասարդ գործարարը:

 


 

«Մեր հիմնական նպատակն այն սիրիահայ գործարարներին աջակցելն է, որոնք նոր են սկսել իրացնել իրենց բիզնես գաղափարներ՝ առկա ջանքերն ու ռեսուրսներն ամբողջությամբ ներդնելով այդ գործում։ Մենք փորձում ենք օգնել նրանց՝ հաղթահարել մարտահրավերներն ու հաջողության հասնել», - նշում է ՀՕՖ-ի Տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը` ընդգծելով, որ ծրագրի առանձնահատկությունն այն է, որ օգնում է ճիշտ մարդկանց ճիշտ ժամանակին:

 


 

Տեղեկատվությունն ու լուսանկարները՝ ՀՕՖ-ի