image

Քրիստիան Մակարյան. Պետք է չափել ռուսների զայրութի կետը և մինչև այնտեղ գնալ Եվրամիության հետ

Քրիստիան Մակարյան. Պետք է չափել ռուսների զայրութի կետը և մինչև այնտեղ գնալ Եվրամիության հետ

Լրագ­րող, հրա­պա­րա­կա­խոս, քա­ղա­քա­կան մեկնաբան, Ֆրան­սա­յի L՚EX-PRESS նշա­նավոր շա­բա­թա­թեր­թի փոխխմբագիր Քրիս­տիան Մա­կա­րյանը Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին տված իր հարցազրույցում, խոսելով Հայաստանի 25-ամյա անկախ ճանապարհի մասին, ասել է, որ չնայած այսօր Հայաստանն աշխարհում ճանաչված է իբրև անկախ երկիր, և հայերն այսօր ներկա են բոլոր միջազգային կառույցներում, սակայն, հստակ է, որ Հայաստանի անկախությունը դեռևս ամբողջական չէ. «Հայաստանը դեռևս կախյալ երկիր է, քանի որ իր ճանապարհը դեռևս չի բացել ռազմավարական ուժերի միջև: Իր ճանապարհը ավելի շատ գալարումներով ու ոլորաններով է, քան՝ հստակ: Քանի որ այն փոքր պե­տու­թյուն է, պետք է կա՛մ աջ, կամ ձա՛խ շրջվի,  այսինքն պետք է հստակեցնի իր ուղղությունը: Հայաստանը Ռու­սաս­տա­նի, Թուրքիայի, Իրանի կամ ու­րիշ ու­ժե­րի մի­ջև է»,- նշել է ֆրանսահայ վերլուծաբանը: 

Քրիստիան Մակարյանն ասել է, որ հենց անկախության սկզբից էր պետք հստակ զատորոշել մեծ ուժերի խաղերն ու ազգային շահերը:  «Միամ­տու­թյուն է կարծել, թե Ռուսաստանի հետ հատուկ կապ չկա. իհարկե կա և պետք է որ լինի։ Բայց, դեռևս սկզբից Հայաս­տանը չփոր­ձեց այդ զա­տո­րո­շու­մն ու տարանջատու­մն ա­նել, այդ հստա­կու­թյունն ապա­հո­վել ռու­սների հետ: Դա պիտի լիներ Ելցինի ժամանակ, հիմա արդեն ուշ է, մանավանդ՝ Պուտինի օրոք: Սա բաց թողնված հնարավորություն է: Հնարավորություն կար սկզբից ռուսների հետ ուրիշ ձևով աշխատելու: Հիմա դարձել է անկարելիություն»,-ասել է քաղաքական մեկնաբանը:

Նա նաև այն միտքն է հայտնել, որ Հա­յաս­տանը պար­տա­վոր է լավ ըն­կեր լինել Ա­րեւմուտքի հետ։ «Իս­կա­կան բա­րե­կա­մու­թյան տե­սա­կետից լավ օրինակ կարող են համարվել Հայաս­տան-Ֆրան­սիա հարա­բե­րու­թյուն­նե­րը։ Պետք է հատկապես շեշտել, որ սա Ռու­սաս­տա­նի դեմ չէ։ Հա­յաս­տանը միշտ պետք է աշ­խա­տի զգալ Ռու­սաս­տա­նի բազկե­րա­կը, իր դի­վա­նագիտական գի­ծը պետք է լինի՝ չա­փել Ռու­սաս­տա­նի զայ­րույ­թի կե­տը։ Որտե՞ղ է  ռու­սնե­րի զայրույթի կե­տը։ Սա պետք է շատ լավ չա­փել եւ այդ կե­տը որտեղ որ է՝ մինչև այն­տե՛ղ պետք է գնալ Եվրա­միության հետ։ Հա­յաս­տանն այլևս կարող է ո­րոշ բաներ ասել Ռու­սաս­տա­նին ու պե՛տք է անի դա: Երբ որ հար­ցը մեր ապագան է, մեր ժողովր­դի բա­րօ­րու­թիւնն է և մեր մշակույ­թը, ա­պա մենք ձեզնից ակն­կա­լում ենք, որ Հայաստանն ա­ռանձ­նահա­տուկ կարգավիճակ ունե­նա Կով­կա­սում։ Սա պետք է անել և պետք է ասել սա նրանց։

Այ­սօր Ուկ­րաինայի հարցը կա, ինչը որ դժվարացնում է ամեն ինչ: Մի օր պիտի լուծվի այդ հարցը, և ամեն ինչ ավելի հանգիստ կլինի: Այդ ժամանակ Հայաստանը կդառնա Կովկասի իսկական եվրոպացին: Ո­րով­հե­տեւ Եվ­րո­պան միայն աշ­խար­հագ­րա­կան սահ­մա­նում չէ։ Եվրո­պան ու իր կա­ռույց­նե­րը խարսխված են ար­ժեք­նե­րի վրա, և այդ ար­ժեք­նե­րը նաեւ մեր ար­ժեք­ներն են. ժո­ղովր­դա­վա­րու­թյուն և զարգա­ցում։ Սա դեմ չէ Ռու­սաս­տա­նին, սա մեր մշա­կույթն է։ Սա էր մեր ան­ցյա­լը և սա պի­տի լինի նաեւ մեր ա­պագան։ Համամարդկա­յին ար­ժեք­նե­րի մա­սին է խոս­քը։ Հա­յաս­տանը ի՛նչ ազդեցության գո­տում էլ գտնվի՝  իր դավա­նած ար­ժեք­նե­րը համամարդկային են, և այդ ար­ժեք­նե­րը հարիր են իսկապես ան­կախ ժո­ղո­վուրդ­նե­րին»,-իր հարցազրույցում նշել է Քրիստիան Մակարյանը: