image
Հրատապ լուրեր:

Մենք չենք ասում գումարներ տվեք. Սփյուռքի նախարարը պարզաբանում է նոր շարժման նպատակը

Մենք չենք ասում գումարներ տվեք. Սփյուռքի նախարարը պարզաբանում է նոր շարժման նպատակը

Ինչպես տեղեկացրել ենք՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունը նոր շարժում է սկսել «Իսկ դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» խորագրով: «Արևելք»-ի խնդրանքով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարզաբանում է շարժման նպատակը.

«Շարժումը սկսել ենք Լրագրողների 8-րդ համաժողովից:  Շարժում, որը շատ տարողունակ է, ընդգրկում է մեծից փոքր, հարուստից, աղքատ, հայաստանցի, արցախցի թե սփյուռքահայ... Իրոք, յուրաքանչյուրն  իրենց հարց պետք է տան՝ թե ինքը ի՞նչ է անում Ղարաբաղի համար: Եվ ես ուրախ եմ, որ շարժումը սկսում է ուժեղանալ, թափ հավաքել: Նախևառաջ համաժողովին մասնակից մեր լրագրողները փայլուն ձևով կարողացան այն ներկայացնել տարբեր երկրներում, տարբեր հարթակներում: Երկրորդ, շարժման գլխավոր հերոսները դարձան մեր երեխաները,  և դպրոցներում այս շարժումն իր հետաքրքիր տարածումն ունեցավ: Իսկ եթե երեխաները դա ընդունում և ընկալում են ինչպես հայրենասիրություն,  ընկալում են, թե ինչպես իրենք իբրև հայրենասերներ պետք է դաստիարակվեն նաև այս հարցադրումով,  նաև իրենց ծնողներին են կոչ անում, դիմում որ ծնողները նույնպես իրենց մասնակցությունը բերեն, ուրեմն շարժումը հաջողություն է գտնում»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:   

Ինչպիսի՞ն պետք է լինի ակնկալվող արարքը՝ Ղարաբաղի համար, հարցին, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց.  

«Մենք դրա տակ հասկանում ենք ոչ միայն նյութական, այլև հասկանում ենք կապեր, հարաբերություններ, գիտելիքներ, մոտեցումներ... Յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում, յուրաքանչուրն ինչով կարող է՝ պետք է օգտակար լինի Ղարաբաղին: Ղարաբաղը դա տնտեսություն է, Ղարաբաղը մշակույթ է, Ղարաբաղը կրթություն է, գիտություն է, սահման է, անվտանգություն է, հետևաբար, մենք բոլոր առումներով պետք է կարողանանք, այսպես ասած, համախմբվել և հիշել, որ մենք միայն ցավի ու վտանգի պահին չէ, որ պետք է իրար հետ լինենք: Քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը, ուրեմն վտանգը միշտ կա, և մենք միշտ պետք է նույն համախմբվածության մեջ գտնվենք:

Այս առումով ես  ուրախ եմ, որ  հատկապես մեր գիտնական- ինժեներները սկսել են սահմանային պաշտպանության խնդիրներով ակտիվորեն զբաղվել: Ես շատ ուրախ եմ, որ մեր գիտնականները որոշակի աջակցություն են ցուցաբերում: Շատ կարևոր է դպրոցների հետ կապերի ստեղծումը: Ուրախ եմ, որ Լիբանանի հայկական դպրոցներում արդեն գումարներ են հավաքվում՝ սահմանափակ կարողություներով երեխաներին սայլակներ  և համապատասխան սարքավորումներ գնելու եւ նվիրելու համար: Ուրախ եմ, որ Սարատովից փորձում են կապեր հաստատել, ընկերանալ միմյանց հետ: Շատ ուրախ եմ, որ Արգենտինայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում մարդիկ տարբեր ձեռնարկներ, մշակութային քննարկումներ են սկսել, թե ինչ կարելի է անել Ղարաբաղի համար: Եվ յուրաքանչյուր կառույց, յուրաքանչյուր անհատ ինքը պետք է որոշի, թե ինքը ինչ է ուզում: Մենք չենք ասում գումար տվեք, նյութական նվիրատվություն արեք, ասում ենք՝ յուրաքանչյուրդ ձեր հնարավորությունների, ձեր կարողությունների, ձեր գիտելիքների սահմաններում օգտակար եղեք Ղարաբաղին: Ղարաբաղը մեր ոգին է, մեր խիղճն է, մեր հայրենիքի սահմանն է, հետևաբար Ղարաբաղը պահելը, պահպանելը հզորացնելը յուրաքանչյուր հայիս խնդիրն է: Ղարաբաղը հայ ժողովրդի քսանհինգամյա  անկախ զավակն է: Այդ զավակի խաղաղության և ապագայի համար պետք է մտածենք բոլորս»: