Նոյեմբերի 23-ին վրաստանյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վրացերեն տեսանյութով դիմել է վրաստանցի մուսուլմաններին` ԻՊ-ին աջակցելու համար, ինչպես նաև սպառնացել է Վրաստանին` «Խալիֆաթի» ստեղծմամբ, տեղեկացնում է Ռազմ-ինֆոն` հենվելով վրաստանյան Interpressnews լրատվական գործակալության տարածած տեսանյութի վրա, որտեղ մի քանի զինյալ սպառնացել են վրաստանցի մուսուլմաններին, որ վերջիններս պայքարում են իսլամի դեմ, ինչպես նաև հայտարարել են, որ «դատաստան են տեսնելու բոլորի հետ»։ Զինյալներից մեկն էլ նմանատիպ կոչ է արել Աջարիայի բնակչությանը, որի մեծ մասը դարձյալ իսլամադավան է։
Interpressnews-ը զրուցել է տեսանյութում խոսող զինյալներից մեկի հոր հետ, վերջինս միայն տեղեկացրել է, որ իր տղան Վրաստանում չէ։ «Ես չգիտեմ՝ հիմա նա ուր է, բայց մոտ 2 ամիս առաջ ընկերների հետ մեկնել է Թուրքիա աշխատելու»,-հայտարարել է զինյալներից մեկի հայրը՝ Իլյա Գոբաձեն։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն իր հերթին վստահեցնում է, որ վերոնշյալ տեսանյութի փաստի վերաբերյալ նախաքննություն է սկսվել, տարվում են աշխատանքներ։
Հավելենք նաև, որ նոյեմբերի 22-ին էլ Վրաստանի սահմանապահները ձերբակալել էին Թուրքիայից Վրաստան ժամանակ Պանկիսի կիրճի բնակիչ 29-ամյա Դավիթ Բորչաշվիլիին՝ օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանը հարելու կամ օժանդակելու մեղադրանքով։
Հետաքրքրական է, որ երբ Բորչաշվիլին ժամանել է Վրաստան, տեղի սահմանապահները նրան երկիր չեն թողել և նորից հետ են ուղարկել Ստամբուլ՝ մտածելով, որ նա Սիրիայում կռվել է ԻՊ-ի շարքերում։ Թուրքիա ուղարկված Բորչաշվիլուն Թուրքիայում նույնպես չեն ընդունել և վերջինս նորից վերադարձել է Վրաստան, որտեղ և ձերբակալվել է։ Դավիթ Բորչաշվիլու ընտանիքի անդամները պնդում են, թե նա այժմ ծանր հիվանդ է և Թուրքիա է գնացել աշխատելու համար։
Նշենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ավելացրել է սահմանապահ ոստիկանության անձնակազմի թվաքանակը: Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է նաև, որ նոյեմբերի 14-24-ը արգելվել է 479 օտարերկրյա քաղաքացու մուտքը Վրաստան։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Պանկիսի կիրճում ուժայինները ձերբակալել էին 5 հոգու, որոնց կասկածում էին ԻՊ-ի հետ համագործակցելու մեջ։ Ձերբակալվածների թվում է նաև սալաֆիական իմամ Այուպ Բորչաշվիլին։ Հետաքննության տվյալներով՝ 2014 թվականի ամռանը Այուպ Բորչաշվիլին մեկնել է Սիրիա, հանդիպել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների հետ, ինչից հետո Վրաստանում հիմնել է վահաբական համայնք։ Նա դարձել է ԻՊ-ի ներկայացուցիչը Վրաստանում և այդ «համայնքի էմիր»։ Բացի այդ, նա ԻՊ-ի ամենահայտնի վրաստանցի հրամանատար Թարխան Բատիրաշվիլիի վստահված անձն է։
Տեղեկացնենք, որ ԻՊ-ի շարքերում կռվող վրաստանցի քաղաքացիների թիվը հստակ չէ, ամենատարբեր աղբյուրներով Պանկիսիի կիրճից Սիրիայում կռվում է 50-ից 60 զինյալ։