Օրերս ուշագրավ թատերական ձեռնարկ է տեղի ունեցել Երեւանում, որի հիմքում պատմական եզակի իրողություններ էին: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) «Հայասա» թատերախումբը մայիսի 23-ին եւ 24-ին հարյուրավոր հանդիսատեսի առջեւ ներկայացրեց «Փրկության հրեշտակը» բեմադրությունը՝ նվիրված ԱՀԱԸ 100-ամյակին եւ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին:
Այս պատմական բեմականացումն արտացոլում էր ՀԱԵ հովիվ՝ վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի եւ նրա ջանքերով փրկված բազմաթիվ հայ որբուկների պատմությունը: Գլխավոր հերոսներին՝ Վեր. Հովհաննես Էսքիջյանին մարմնավորում էր դերասան Սմբատ Ստեփանյանը, իսկ թուրք փաշային՝ Արա Գեւորգյանը: Ներկայացման հիմնական դերակատարները փորձառու դերասաններ էին:
Ինչպես «Արեւելքին» հայտնում են թատերական այս ձեռնարկի կազմակերպիչները՝ «Փրկության հրեշտակը»ներկայացման հիմքում իրական պատմություն է: Վեր. Էսքիջյանը ցեղասպանության տարիներին Հալեպում գաղտնի գործող փրկության ծրագրի առանցքային դերակատարներից էր, նա եղել է Հալեպի Հայ Ավետարանական «Էմմանուել» եկեղեցու հովիվը: Վերապատվելին «փրկության հրեշտակ» է դարձել եղեռնից մազապուրծ եղած բազմաթիվ հայ մանուկների համար: Նվիրյալ ու ինքնազոհ այս հայ հոգեւորականը Գարլըքի եւ Հալեպի երկաթգծի կայարաններից մեկ երեխայի դիմաց մեկ ոսկի վճարելով, գնում էր հայ որբուկներին եւ վերարկուի տակ թաքցրած` իր տուն էր տանում, ապա տարբեր թաքստոցներում ապաստան գտնում նրանց համար: Նա այդ ամենն անում էր վտանգավոր պայմաններում, կյանքի գնով: Մի կողմից թուրքական կառավարության սպառնալիքներն էին, մյուս կողմից` հայ որբուկներից տարատեսակ հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Վեր. էսքիջյանն իր մահկանացուն է կնքել 1916թ.-ին՝ տիֆից:


Այս պատմությունը թատերական ներկայացման էր վերածել սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Նունե Աբրահամյանը: Նրան հաջողվել էր ոչ միայն մեկ ժամվա մեջ խտացնել 100 տարի առաջ տեղի ունեցող իրադարձությունների առանցքային դրվագները, այլեւ հրաշալի դերասանական կազմ հավաքելով՝ հանդիսատեսին փոխանցել հայ ժողովրդի փրկության ամենահուզիչ մանրամասները:

Մայիսի 24-ին՝ ներկայացման ավարտին, խոսքով հանդես եկան ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը եւ ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը: Երկուսն էլ հուզված էին, որովհետեւ ներկայացման մեջ տեղի ունեցող իրադարձությունները Հալեպում էին՝ նրանց ծննդավայրում: Վեր. Մելքոնյանը հիշեց, որ իր հոր աշխատավայրը Վեր. Էսքիջյանի տան մոտ էր, եւ որ մանուկ ժամանակ շատ է խաղացել այն կայարանում, որտեղից հայերի փրկության գործընթացն է տեղի ունեցել: Վերապատվելին շնորհակալություն հայտնեց դերասաններին եւ ռեժիսորին, որ ստիպեցին վերհիշել ու որպես օրինակ հետեւել էսքիջյաններին և շարունակել նրանց սկսած հայանպաստ գործունեությունը:

Զավեն Խանջյանը նկատեց, որ հայերի համար Դեր-Զորն ասոցացվում է մահվան հետ, իսկ Հալեպը՝ կյանքի: Նա նշեց, որ այդ տարիներին փրկված մանուկներն իրենց ծնողներն են, եւ երբեք հնարավոր չի լինի մոռանալ այն, ինչ արեցին նրանց փրկության համար զոհված հերոսները: Զավեն Խանջյանը նաեւ նկատեց, որ Ավետարանչական ընկերակցությունը, որն այս տարի նշում է իր 100-ամյակը, նույնպես ստեղծվել էր Եղեռնից փրկված հայերին օգնելու համար, եւ արդեն մեկ դար է՝ շարունակում է հայերին ու հայրենիքին օգնելու մեծ առաքելությունը:
Բոլոր 3 ներկայացումներից հետո հանդիսատեսը դահլիճից հեռանում էր թաց աչքերով՝ վերարժեւորելով ու գնահատելով հայ հերոսների ինքնազոհ սխրագործությունն ու Աստծո մեծ գործը հայապահպանության մեջ:



