The New York Times թերթը հրապարակել է «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդների անունները:
Մրցանակի հավակնորդ է Մարգրեթ Բարանքիթսը (Marguerite Barankitse), որը «Մեյսոն Շալոմ» որբանոցն է հիմնել՝ 1990-ականների Բուրունդիի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցող էթնիկ զտումներից երեխաներին փրկելու համար:
Մյուս հավակնորդը Դոկտոր Թոմ Քաթենան է (Tom Catena)՝ Նյու Յորքի արվարձան Ամստերդամից: Նա ութ տարի առաջ հիմնադրել է բարեգործական հիվանդանոց Սուդանում պատերազմից ջլատված Նուբայի լեռներում՝ լինելով միակ բժիշկը կես միլիոն բնակչություն ունեցող տարածքում:
Մրցանակի երրորդ հավակնորդը Սյեդա Ղուլամ Ֆաթիման է (Syeda Ghulam Fatima), որը ղեկավարում է «Հարկադիր աշխատանքից ազատագրության ճակատ» կազմակերպությունը Պակիստանի Լահոր քաղաքում, որը չքավոր աշխատողներին օգնում է ազատվելու պարտքի բեռից:
«Ավրորա» մրցանակի չորրորդ հավակնորդը Տոգոյից հոգևորական Բեռնարդ Քինվին է (Bernard Kinvi): Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում հարատև ընթացող քաղաքացիական հակամարտության ընթացքում կաթոլիկ այս հոգևորականի ղեկավարած առաքելությունը մահացու հետապնդումից շուրջ հազար մուսուլմանի է փրկել, հիմնականում՝ կանանց և երեխաների:
«Ավրորա» մրցանակի (The Aurora Prize for Awakening Humanity) Ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։ Հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։
«Ավրորա» մրցանակը հիմնել են գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, ինչպես նաև Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Մրցանակն Ավրորա Մարդիգանյանի անունն է կրում, որը Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր և եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։ Մրցանակի հիմքում ինչպես Ավրորայի փրկությունն է, այնպես էլ վերապրումի ու խիզախության հազարավոր անհայտ դրվագներն են, որ եղել են 100 տարի առաջ և կան այսօր։
Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակը շնորհելու է դափնեկրին 2016թ. ապրիլի 24-ին, Երևանում։ Դափնեկիրն ստանալու է100.000 դոլարի պարգև և հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին։