Այսօր ԱՄՆ-ում տեղի է ունենալու աշխարհահռրակ Վարդերի շքերթը, որին արդեն երրորդ անգամ մասնակցելու են հայերը: Հայկական Վարդասայլի ընկերակցության (American Armenian Rose Float Association) վարդասայլն արդեն պատրաստ է՝ մասնակցելու ԱՄՆ-ի ամենահին շոուներից մեկին: Վարդերի շքերթն անցկացվում է արդեն 128 տարի և տեղի է ունենում Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում, ամեն տարի` հունվարի 2-ին: ԱՄՆ-ի ամենամեծ շոուներից մեկին մասնակցում է մոտ 700 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ շոուն դիտում են հեռուստատեսությամբ: Այն այս տարի հեռարձակվելու է 240-ից ավելի երկրում: Շատերը 9 կմ-անոց մայրուղու վրա, որտեղով անցնում են շքերթի մասնակիցները, տեղ են գրավում դեռևս մեկ օր առաջ` մոտիկից դիտելու ավանդական շքերթը:
2015-ին ԱՄՆ-ի հայկական համայնքը շքերթին մասնակցեց առաջին անգամ` Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ստեղծելով Վարդասայլի հայկական ընկերակցությունը, որը պատրաստել էր հայկական մշակույթն ու հայոց պատմությունը ներկայացնող քարոզչական սայլ, իսկ անցյալ տարի ընտրվել էին հայկական խորհրդանիշներ հանդիսացող արձաններ, ճարտարապետական կառույցներ: Այս տարի հայկական վարդասայլը կրկին քարոզելու է հայկական մշակույթի տարրեր՝ արցախյան ձին, կրթության խորհրդանիշներ և այլն:
Հատված՝ 2016-ի շքերթից