image

Գիրք ու բրինձ. Խաժակ Այնթէպլեան

Գիրք ու բրինձ.  Խաժակ  Այնթէպլեան

Առաջին երկու շաբաթը բրինձը խառնելով կ՚եփէի: Մէկ գաւաթ պարսկական բրինձին երկու գաւաթ հայկական ջուր , Lիբանանէն բերած «մաժի քյուպ» մը մէջը կը նետէի, մի քանի տեսակ Հալէպի համեմունք եւ  անպայման  Այնճարէն հետս տարած,  մայրիկիս չորցուցած   «նանէ»ի (անանուխի)  փոշիէն քիչիկ մը վրան կը ցանէի: Հալեպահայերը կ՚ըսէին «նանէ»ն բրինձին հետ չերթար , պարսկահայերը կը պնդէին թէ բրինձին հետ ամէն ինչ կերթայ: Ես  ալ համոզուած էի որ «նանէ»ն ամէն ինչի հետ կ՚երթայ  ու ձեռքիս գործը կ՚ընէի : Յետոյ կը սկսէի խառնել  մինջեւ որ ջուրը քաշուի: Ամենալաւ օրերուն , մէջը ստեպղին մըն ալ  կը մանրէի :Այդ օրերուն ստեպղինով փիլաւը մեր  խորովածն էր :

1993 թուականի հոկտեմբերին  , Երեւանի Բուսաբանական Այգիին քով գտնուող,  Աւանի ուսանողական  հանրակացարանին մէջ հաւաքուած , մէկ երկու ամսուան սովի փորձառութիւն ունեցող  արտասահմանցի ուսանողներուն  «շեֆ»ը ես էի , ոչ թէ  անոր համար որ միւսներէն աւելի լաւ խոհարար էի , պարզապէս  քանի որ առաջին անգամ բրինձը ես եփեցի:

Վերջը , միջազգային բրինձի  իմ խառնուրդս  երբ որ Զէյթունի հանրակացարանին մէջ բնակող , արդէն մէկ երկու տարուան սովի փորձ ունեցող  եղբօրս եւ իր ընկերներուն՝ Բենիկին եւ Սեպուհին հրամցուցի , երեքը  միասին .-

-Բրինձը խառնելով չեն եփեր , տակը կը փակի ,լափայ մը կ՚ըլլայ : Ցած կրակով առանց խառնելու , հանգիստ պիտ եփի:

Ասոնք «պէսթ շեֆերն» էին , որոնց կը պարտիմ ես իմ յետագայ ամբողջ խոհարարական այն  գիտելիքներս ,  որոնք  սովը աւարտելէն ու Լիբանան վերադառնալէս ետք  փորիս մեծնալուն հիմնական  պատճառը դարձան:

Նոյն տարուան դեկտեմբերին բրինձն ալ հազուագիւտ դարձաւ: Ուսանողական տոմսերով մեր ստացած հանապազօրեայ կէս հացը,  հազիւ հացի խանութէն մինչեւ տուն կը հասցնէր մեզ: Գոյատեւելու համար բրինձը կարեւոր էր:

Բրինձ գտնելու առաքելութեամբ ես եւ Սեպուհը  գործուղուեցանք Երեւանի շուկաները:  Դեռ  քանի մը օր առաջ , մէկ տոլարին դիմաց մեզի հազար ութ հարիւր ռուբլի կուտային,  այդ օրը  տասը տոլարը երեք հարիւր հազար ռուբլիով փոխանակեցինք: Մեծահարուստ դառնալն ի՞նչ օգուտ ունէր, երբ որ  երկիր մը ամբողջ  բրինձ մը չունէր:     Զէյթունի , Կոմիտասի  շուկաները ապարդիւն թափառելէ ետք հասած էինք  գումի շուկան:

- Բրինձ որտեղ ե՞ն վաճառում 

- Բրի՞՞նձ... տղայ ջան արի էս կօշիկները վերցրու , քո հագովն են , սիրուն կը սազեն... վերցրու էլի՜...

Մարդիկ ծախու հանած էին իրենց հագուստները , տան իրերը ...   եւ ամէն ինչին գինը նոյնն էր՝     

-Ինչքան  կտաս՝ տու՜ր.......

Կօշիկ ունէինք , հագուստ ունէինք , իրեր գնելու ժամանակը չէր ...  Անօթի էինք :

Յոյսերնիս   կտրած հասանք Հանրապետութեան հրապարակ ու ցուրտէն պաշտպանուելու համար դրան ճեղքէ մը  ներս սպրդեցանք .... Գրախանութ էր : Բան մը ըրած ըլլալու սիրոյն սկսանք ուսումնասիրել դարաններուն վրայ շարուած գրքերը : 

- Էս Պարոյր Սեւակի «Եղիցի Լոյսը» ի՞նչ արժի:

-Քառասուն ռուբլի տղայ ջան , վայ չէ կը ներես երեսո՞ւն ա գրած , երեսուն ռուբլի:

- Երեսո՞ւն թէ ... երեք հազար կամ... երեք հարի՞ւր...

-  Չէ, չէ, տղայ ջան , հեսա տե՛ս , երեսուն ա գրած:

- Մի հատ տուէք ինձ ... կամ երկու հատ տուէք : Ինքն էլ երկու հատ է ուզում : Էս  «Պորխես»ի  գրքից էլ տուէք ,«Հարիւր տարուայ մէնութիւնն» էլ ենք ուզում  , «Սարոյանի»  չորս հատորը ինչքա՞ն է , հարիւր հիսո՞ւն , դա էլ ենք ուզում...

Տնտեսագիտութեան տիփլոմայ չուզեր հաշուելու համար թէ տասը ամերիկեան տոլարին մէկ տասերորդով , քանի հատոր գրքերով մենք գրախանութէն դուրս ելանք:      Մնացած մեր հարստութիւնն ալ սովետական ռուբլիէն մեզի յիշատակ մնաց :

 

Յետոյ ռուբլին գնաց  դրամը եկաւ , գիրքերուն գինը նոյնը մնաց ։ Մարդիկ ծախեցին   իրենց գիրքերը, որ բրինձ առնեն ։ Մենք գիրք կարդացինք  որ բրինձը մոռնանք: Այդ գրքերը մեզ մոռցնել տուին բրինձի սովը ու   պատսպարեցին ցուրտէն ու մութէն: Մեր դասերուն հետ միասին , մոմի լոյսով կարդացինք մենք այդ գիրքերը :

 

                                       *******                                                                                    

 

 Մինչեւ այսօր ալ երբեմն  ես բրինձ կ՚եփեմ: Ցած կրակի վրայ , առանց խառնելու որ լափայ չըլլայ։ Մինչեւ որ  բրինձը եփի  հեռաձայնիս մէջ ես գիրք կը կարդամ :

-Ի՞նչ գիրք :

- Դիմագիրք:

Դիմագի՞րքն է յանցաւորը , որ փոխարինեց բոլոր գիրքերը  , մե՞նք , որ մահանաներ ըրինք  եւ գիրքերը մոռցանք կամ ալ անոնք որ գիրքն ու կարդացողը մէկ կողմ նետեցին ,  եկան մեր գլխուն աքլոր կտրեցին :

Ժամանակները փոխուեցան , բրինձի սովը գնաց եկաւ Գրքի սով ։ Գրքի այս սովը  կրնայ  ստեղծել խելքի ,  մտքի սով  եւ այս ընթացքով կ՚երթայ առիւծը նոյնիսկ աղուէսը , բոլորիս պետը կըլլայ  աքլորը   ու կը վերադառնայ բրինձի սովը ։

 

 

 

 

  Խաժակ Այնթէպլեան

 Այնճար