Առաջին երկու շաբաթը բրինձը խառնելով կ՚եփէի: Մէկ գաւաթ պարսկական բրինձին երկու գաւաթ հայկական ջուր , Lիբանանէն բերած «մաժի քյուպ» մը մէջը կը նետէի, մի քանի տեսակ Հալէպի համեմունք եւ անպայման Այնճարէն հետս տարած, մայրիկիս չորցուցած «նանէ»ի (անանուխի) փոշիէն քիչիկ մը վրան կը ցանէի: Հալեպահայերը կ՚ըսէին «նանէ»ն բրինձին հետ չերթար , պարսկահայերը կը պնդէին թէ բրինձին հետ ամէն ինչ կերթայ: Ես ալ համոզուած էի որ «նանէ»ն ամէն ինչի հետ կ՚երթայ ու ձեռքիս գործը կ՚ընէի : Յետոյ կը սկսէի խառնել մինջեւ որ ջուրը քաշուի: Ամենալաւ օրերուն , մէջը ստեպղին մըն ալ կը մանրէի :Այդ օրերուն ստեպղինով փիլաւը մեր խորովածն էր :
1993 թուականի հոկտեմբերին , Երեւանի Բուսաբանական Այգիին քով գտնուող, Աւանի ուսանողական հանրակացարանին մէջ հաւաքուած , մէկ երկու ամսուան սովի փորձառութիւն ունեցող արտասահմանցի ուսանողներուն «շեֆ»ը ես էի , ոչ թէ անոր համար որ միւսներէն աւելի լաւ խոհարար էի , պարզապէս քանի որ առաջին անգամ բրինձը ես եփեցի:
Վերջը , միջազգային բրինձի իմ խառնուրդս երբ որ Զէյթունի հանրակացարանին մէջ բնակող , արդէն մէկ երկու տարուան սովի փորձ ունեցող եղբօրս եւ իր ընկերներուն՝ Բենիկին եւ Սեպուհին հրամցուցի , երեքը միասին .-
-Բրինձը խառնելով չեն եփեր , տակը կը փակի ,լափայ մը կ՚ըլլայ : Ցած կրակով առանց խառնելու , հանգիստ պիտ եփի:
Ասոնք «պէսթ շեֆերն» էին , որոնց կը պարտիմ ես իմ յետագայ ամբողջ խոհարարական այն գիտելիքներս , որոնք սովը աւարտելէն ու Լիբանան վերադառնալէս ետք փորիս մեծնալուն հիմնական պատճառը դարձան:
Նոյն տարուան դեկտեմբերին բրինձն ալ հազուագիւտ դարձաւ: Ուսանողական տոմսերով մեր ստացած հանապազօրեայ կէս հացը, հազիւ հացի խանութէն մինչեւ տուն կը հասցնէր մեզ: Գոյատեւելու համար բրինձը կարեւոր էր:
Բրինձ գտնելու առաքելութեամբ ես եւ Սեպուհը գործուղուեցանք Երեւանի շուկաները: Դեռ քանի մը օր առաջ , մէկ տոլարին դիմաց մեզի հազար ութ հարիւր ռուբլի կուտային, այդ օրը տասը տոլարը երեք հարիւր հազար ռուբլիով փոխանակեցինք: Մեծահարուստ դառնալն ի՞նչ օգուտ ունէր, երբ որ երկիր մը ամբողջ բրինձ մը չունէր: Զէյթունի , Կոմիտասի շուկաները ապարդիւն թափառելէ ետք հասած էինք գումի շուկան:
- Բրինձ որտեղ ե՞ն վաճառում
- Բրի՞՞նձ... տղայ ջան արի էս կօշիկները վերցրու , քո հագովն են , սիրուն կը սազեն... վերցրու էլի՜...
Մարդիկ ծախու հանած էին իրենց հագուստները , տան իրերը ... եւ ամէն ինչին գինը նոյնն էր՝
-Ինչքան կտաս՝ տու՜ր.......
Կօշիկ ունէինք , հագուստ ունէինք , իրեր գնելու ժամանակը չէր ... Անօթի էինք :
Յոյսերնիս կտրած հասանք Հանրապետութեան հրապարակ ու ցուրտէն պաշտպանուելու համար դրան ճեղքէ մը ներս սպրդեցանք .... Գրախանութ էր : Բան մը ըրած ըլլալու սիրոյն սկսանք ուսումնասիրել դարաններուն վրայ շարուած գրքերը :
- Էս Պարոյր Սեւակի «Եղիցի Լոյսը» ի՞նչ արժի:
-Քառասուն ռուբլի տղայ ջան , վայ չէ կը ներես երեսո՞ւն ա գրած , երեսուն ռուբլի:
- Երեսո՞ւն թէ ... երեք հազար կամ... երեք հարի՞ւր...
- Չէ, չէ, տղայ ջան , հեսա տե՛ս , երեսուն ա գրած:
- Մի հատ տուէք ինձ ... կամ երկու հատ տուէք : Ինքն էլ երկու հատ է ուզում : Էս «Պորխես»ի գրքից էլ տուէք ,«Հարիւր տարուայ մէնութիւնն» էլ ենք ուզում , «Սարոյանի» չորս հատորը ինչքա՞ն է , հարիւր հիսո՞ւն , դա էլ ենք ուզում...
Տնտեսագիտութեան տիփլոմայ չուզեր հաշուելու համար թէ տասը ամերիկեան տոլարին մէկ տասերորդով , քանի հատոր գրքերով մենք գրախանութէն դուրս ելանք: Մնացած մեր հարստութիւնն ալ սովետական ռուբլիէն մեզի յիշատակ մնաց :
Յետոյ ռուբլին գնաց դրամը եկաւ , գիրքերուն գինը նոյնը մնաց ։ Մարդիկ ծախեցին իրենց գիրքերը, որ բրինձ առնեն ։ Մենք գիրք կարդացինք որ բրինձը մոռնանք: Այդ գրքերը մեզ մոռցնել տուին բրինձի սովը ու պատսպարեցին ցուրտէն ու մութէն: Մեր դասերուն հետ միասին , մոմի լոյսով կարդացինք մենք այդ գիրքերը :
*******
Մինչեւ այսօր ալ երբեմն ես բրինձ կ՚եփեմ: Ցած կրակի վրայ , առանց խառնելու որ լափայ չըլլայ։ Մինչեւ որ բրինձը եփի հեռաձայնիս մէջ ես գիրք կը կարդամ :
-Ի՞նչ գիրք :
- Դիմագիրք:
Դիմագի՞րքն է յանցաւորը , որ փոխարինեց բոլոր գիրքերը , մե՞նք , որ մահանաներ ըրինք եւ գիրքերը մոռցանք կամ ալ անոնք որ գիրքն ու կարդացողը մէկ կողմ նետեցին , եկան մեր գլխուն աքլոր կտրեցին :
Ժամանակները փոխուեցան , բրինձի սովը գնաց եկաւ Գրքի սով ։ Գրքի այս սովը կրնայ ստեղծել խելքի , մտքի սով եւ այս ընթացքով կ՚երթայ առիւծը նոյնիսկ աղուէսը , բոլորիս պետը կըլլայ աքլորը ու կը վերադառնայ բրինձի սովը ։
Խաժակ Այնթէպլեան
Այնճար